Քաղաքագետ Գագիկ Համբարյանը շարժման հնարավոր հանգուցալուծման մասին դատողություններ անել դեռևս չի շտապում, միայն համոզված է, որ ՀՀ գործող իշխանությունները երբեք ինքնակամ հրաժարական չեն ներկայացնելու։ Ըստ քաղաքագետի՝ գործընթացի հաջողության միակ գրավականը շարժումը հզորացնելն է։
«Նիկոլ Փաշինյանն այնքան կարմիր գծեր է անցել, այնքան հանցագործություններ է գործել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ, որ երբեք ինքնակամ հրաժարական չի տա։ Նա կա՛մ պետք է շարունակի ղեկավարել երկիրը՝ վերջնարդյունքում կործանելով այն, կա՛մ դիտավորյալ կործանի պետությունը՝ առաջնորդվելով «Չկա զոհ՝ չկա մեղավոր» սկզբունքով»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։
Ըստ քաղաքագետի՝ անչափ կարևոր է, որպեսզի ստեղծված իրավիճակում արագ և նպատակային քայլեր ձեռնարկեն գործարարները՝ ֆինանսական և մարդկային ռեսուրսների տիրապետող անձինք՝ գիտակցելով, որ երկրի կործանումը կործանելու է նաև իրենց բիզնեսները։
«Ինչպես արցախցի գործարարներն էին ժամանակին մտածում, որ սահմանին տեղի ունեցող իրադարձություններն իրենց չեն վնասելու, այդպես էլ հայաստանցի գործարարներն են կարծում։ Բայց նրանք պետք է հասկանան, որ վաղը-մյուս օրն ամեն ինչ կորցնելու են։ Եթե արցախցի գործարարներն ինչ-որ բան գոնե կարողացան փրկել և գալ Հայաաստան, ապա վաղը, երբ թուրքը մտնի Հայաստան, հայաստանցի գործարարներին թույլ չի տալու շարունակել իրենց գործունեությունը»,- ասաց Գագիկ Համբարյանը։
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, որ չեն պատրաստվում որևէ մեկին հանձնել իշխանությունը, մեր զրուցակիցը շեշտեց՝ ռեժիմի կողմից միշտ լինելու են մանիպուլյատիվ հայտարարություններ, որ շարժումը մարում է։
«Նման հայտարարություններ անելն իրենց պարտքն է։ Որքան էլ իշխանությունները կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություններ են հրամցնում հանրությանը, որքան էլ կեղծ լուսանկարներ են հրապարակում՝ ցույց տալով, իբր, շարժումը մարել է, և հանրահավաքներին քիչ թվով մարդիկ են մասնակցում, իրականում այդպես չէ։ Շարժման վերջին հանրահավաքը և երթը դեպի Բաղրամյան պողոտա բավական մեծաթիվ էին, հետևաբար կարելի է ասել, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն ընդամենը քաղաքական տեխնոլոգիայի մաս են։
Իրենց ֆյուրերը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, հրահանգել է լումա ներդնել քարոզչության և մանիպուլյացիայի մեջ։ Նա միակ մարդը չէ, որ պետք է պատասխան տա. իշխանականների՝ Փաշինյանին մոլագարի նման պաշտպանելը նաև ինքնապաշտպանություն է, որովհետև նրանք համատեղ, միասնական ձևով Հայաստանի և Արցախի դեմ այնքան հանցանքներ են կատարել, որ գիտակցում են՝ չեն մաքրվելու»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։