ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին. այս մասին X-ում գրել է «Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։
«Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- նշել է նա։
Հայաստանի պետական որևէ օղակից ոչ ոք չի արձագանքել այս կարևորագույն լուրին. ոչ հերքել, ոչ էլ հաստատել են։
Հատկապես տելեգրամյան ալիքներն են անդրադարձել առաջիկա ուրբաթ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ զանազան մեկնաբանություններ ու ենթադրություններ անելով։
Ավելի ուշ Ալեքս Ռաուֆօղլուն նոր հրապարակում է արել, ըստ որի՝ Սպիտակ տանը նախ Թրամփը կընդունի Փաշինյանին, երկկողմ ձևաչափով բանակցություններ կվարի, հետո կընդունի Ալիևին, դարձյալ երկկողմ ձևաչափով բանակցություններ կվարի, որից հետո երեք առաջնորդները միասին հայտարարություն կհրապարակեն։
