Որքան էլ իշխանությունն ԱԺ-ում որակական մեծամասնություն ունի, և մտավախություն կա, որ կարող է դեմ քվեարկել, այնուամենայնիվ արժեր, որ խորհրդարանական ընդդիմությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրում կատարեր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ՄԻՊ-ի թափուր պաշտոնում Էդգար Ղազարյանի թեկնածության առաջադրմանը։
«Ես, ժամանակին լինելով պատգամավոր, ևս առաջադրվել եմ՝ զրո տոկոս հավանականությամբ։ Մինչև անգամ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում ինձ ձայների չեն արժանացրել։ Դա ամբողջովին քաղաքական որոշում է։
Հիմա, ինչո՞ւ եմ կարծում, որ ընդդիմությունը ՄԻՊ-ի թեկնածու պետք է առաջադրեր. որովհետև այսպիսի դեպքերում է, որ հասարակությունը ծանոթանում է՝ ինչով են կոնկրետ հարցերում տարբերվում ընդդիմության և իշխանության մոտեցումները։
Կարծում եմ՝ ընդդիմությունը ճիշտ է արել, որ համաձայնել է իր կողմից թեկնածու առաջադրել՝ նույնիսկ հասկանալով, որ նա չի ընտրվելու, և ես այդ առումով ողջունում եմ ընդդիմությանը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը շեշտեց՝ Էդգար Ղազարյանը լիովին արժանի թեկնածու է՝ ազնիվ, նրա մոտեցումներում արտացոլվում են, հայ հասարակության շահերը և մինչև անգամ վիճակը։
«Չեմ կարծում, որ թեկնածուն սխալ է ընտրված։ Էդգար Ղազարյանն արժանի է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու լինել»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։
Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել։