Սեպտեմբերի 14-ի ժամը 21։00-ից հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ դարպասների դիմաց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ ստորագրելու է «խաղաղության պայմանագիրը»։
Ժողովուրդը վրդովված է, որ Սյունիքում ու Գեղարքունիքում պատերազմ է ընթանում, թշնամին մտել է Հայաստանի տարածք, հրետակոծում է խաղաղ բնակավայրերը, ունենք բազմաթիվ զոհեր, Ադրբեջանը հայտարարում է մինչև Երևան հասնելու հավակնությունների մասին, իսկ Հայաստանի ղեկավարը մտադիր է հային ու Հայաստանը բնաջնջել ցանկացող թշնամու հետ խաղաղության կեղծ պայմանագիր կնքել։
Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին, որ նրանք գան ԱԺ։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ծառայողական մուտքով մտնում են ԱԺ՝ սպասելու ՔՊ-ական պատգամավորներին՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով փաստաթղթի տակ ստորագրելու համար։
Ընդդիմադիրները հայտարարեցին , որ գործընթացն ամբողջացնելու և ավարտին հասցնելու համար հարկավորն է ևս 18 ՔՊ-ականի ստորագրություն։