Զանգվածներ կազմակերպելու և մոբիլիզացիայի հարցը Հայաստանում վերջին տարիներին շատ բարդ է։ Խնդիր է անգամ հազար հոգի հավաքելը, մինչդեռ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հաջողություններ է գրանցել, և դա փաստ է։ Իշխանությունը պետք է ընկալի, որ այս օրերին փողոցում հավաքվող մարդիկ մեր հայրենակիցների կարևոր մասն են, և աչալուրջ լինի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արձակուրդային սեզոնին շարժումը հնարավորինս թեժ պահելու թեմային։
«Մյուս կողմից էլ պետք է հիշենք արաբական ասացվածքը՝ մի բան է ուղտի վրա բարձրանալը, կրկնակի դժվար՝ ուղտից իջնելը։
Պատկերացրեք՝ պարոն Գալստանյանն ասի, որ պայքարը պետք է աշնանը շարունակել. դա մեծ անվստահության և հիասթափության ալիք կառաջացնի՝ չնայած այս իրավիճակում նման հայտարարությունը գուցե ճիշտ լինի։ Բայց մարդկանց կողմից դա չի ընկալվի։ Իսկ եթե չասի…. ամեն անգամ, երբ նախորդ անգամվա համեմատ մի փոքր քիչ մարդիկ են գալիս, հասարակությունը սկսում է հիասթափություն ապրել։ Մարդիկ չեն ուզում լինել միակն առաջնագծում, որովհետև հերոսաբար տրամադրվածները մեկն են հազարից»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը։
Ըստ քաղաքագետի՝ նման իրավիճակների համար գոյություն ունի մի հնարք, այն է՝ հայտարարել կազմակերպչական շրջան՝ հրավիրել հավաքներ, ժողովներ, ներկայացուցչական մարմինների ընտրություններ, բայց ոչ՝ մեծ հանրահավաքներ։
«Ամառը պետք է «ծախսել» այսպիսի բաների վրա, որպեսզի աշնանը կառույցներն օգտագործելով՝ փողոցային ակտիվ պայքարը շարունակվի։ Սա, ի դեպ, մի տեխնոլոգիա է, որ օգտագործվում է դեռ «Ղարաբաղ» կոմիտեից սկսած»,- ասաց մեր զրուցակիցը՝ ասվածի վառ օրինակը համարելով Բագրատ սրբազանի՝ Սուրբ Աննա եկեղեցու մոտ երկու օրը մեկ հավաքներ հրավիրելու հայտարարությունը, ինչպես նաև շարժման առաջնորդի այն խոսքերը, որ շարժումն ամբողջությամբ պետք է վերդասավորվի։
Ամփոփելով՝ քաղաքագետը նկատեց, որ անկախ ձեռնարկվելիք բոլոր քայլերից՝ շարժումը մինչև աշուն չի կարողանալու խուսափել իր՝ առավել անհամբեր համակիրների կորուստից։ Սա, ըստ Արմեն Հովհաննիսյանի, դա ուղղակի անխուսփելի է։
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր. «Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև»:
Նա նաև հավելել էր, որ շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող։