ԵԱՀԿ խորհրդարանական 29-րդ Վեհաժողովը, որը տեղի ունեցավ հուլիսի 1-7-ը, ամբողջությամբ նվիրված էր Ռուսաստանի դատապարտմանն ու նրա դեմ պատժամիջոցների խստացմանը։
Վեհաժողովի վերաբերյալ դիտարկումներ է արել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նշելով.
Թուրքիան և Ադրբեջանն աներևակայելի կրքով, բաց քվեարկությամբ կողմ էին քվեարկում բոլոր հակառուսական բանաձևերին (իրականում այլ բանաձևեր չկային էլ)։
Մեր պատվիրակությունը` բարձրաձայ հիմնավորմամբ․ վեհաժողովում Արցախի հիմնահարցի և ՀՀ անվտանգային խնդիրները կույր և խուլ շրջանցում, կրկնակի ստանդարտներ, ․մերժեց մասնակցել քվեարկություններին։
ԵԱՀԿ Մինսի խմբի եռանախագահական ձևաչափի վերագործարկման մեր առաջարկները՝ ձայն բարբառո անապատի․․․ Անգամ ԱՄՆ պատվիրակությունն էր լուռ, երբ օրեր առաջ ԱՄՆ-ը հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում իր նոր համանախագահողի՝ Լորա Հոքլանի նշանակման մասին։
Երեկ ռուսական բոլոր առաջատար լրատվամիջոցներն՝ իբրև ձեռքբերում գովազդում էին Սոչի- Ստամբուլ 600 տեղանոց զբոսանավային կանոնավոր երթուղու մեկնարկը։ Նավամատույցում մի՜ հրճվանք, մի՜ ուրախություն․․․
ՀՀ ԱԳՆ սակավախոս հայտարարությունից տեղեկանում ենք, որ ԱԳ նախարարը՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Միաժամանակ, ավելի ճիշտ՝ զուգահեռ, Եվրամիության հովանու և ողջույնների ներքո ընթանում է Հայաստան-Անկարա երկխոսոթյունը։ Այս համատեքստում վերջին միամիտը պետք է լինել բաժանելու միմյանցից և չհասկանալու թուրքական և ադրբեջանական շահերի կատարյալ համընկնումը։
Եվ հենց այս իրողությունն է թույլ տալիս ադրբեջանցիներին խրոխտ բարձրաձայնել, որ հարցերը ԵՄ շրջանակներում լուծված են․ ի՜նչ ԵԱՀԿ Մինսկի խումբ․․․։
Թուրքական լոբբինգը բացահայտ թափանցել է ՀՀ վերին էշելոններ. ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում սփյուռքի որոշ շրջանակների հետ, կրկին փորձ է արվում ապամոնտաժել, հեղինակազրկել Սփյուռքի դասական կառույցները։ ՀՅԴ-ն բացառիկ թիրախում է, և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարելը այս հանգրվանի արարներից մեկն է․․․
Այս քաոսն ու անկումը, ազգային շահերի աղետալի ոտնահարումը, որի ամենօրյա արձանագրողն ենք, պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական նոր ճարտարապետությամբ, այլև ՀՀ Արտաքին քաղաքականության սնանկությամբ, վարչախմբի դիլետանտությամբ ու ՀՀ իստաբլիշմենտ սողոսկած գործակալական ցանցով, ներազգային իմունիտետի կազմակերպված ջախջախումով․․․ (ի վերջո պետության ոչ պատահական, ծրագրավորված ինստիտուցիոնալ կազմաքանդումով)։
Վաղը Թեհրանում կայանալու է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը։
Օրերս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցը Երևան աննախադեպ էր, բնականաբար, ոչ սովորական և ոչ պատահական։
Այս ոչ սովորական, ճակատագրական և պատմական խճապատկերում կամ ավելի շուտ՝ սեղմվող օղակի միջավայրում շատ սովորական երկու հարց․
-որտե՞ղ է Հայաստանը,
-ո՞վ է պաշտպանում Հայաստանի շահը։