Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի 25-ի գագաթնաժողովի արդյունքներով հաստատել են մինչև 2045 թվականն ընկած ժամանակաշրջանում միության հետագա զարգացման հռչակագիրը. տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մասնավորապես, նեղ կազմով հանդիպմանը քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակաշրջանում տնտեսական գործընթացների հետագա զարգացման հռչակագրի ընդունման հարցը:
Այս գաղափարը հավանության է արժանացել, Բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնվել են հաստատել հռչակագիրը: Համապատասխան որոշումը մենք կձևակերպենք մեր հանդիպման արդյունքներկով»,-ասել է Պուտինը՝ բացելով քննարկումն ընդլայնված կազմով։
Նա ընդգծել է, որ հռչակագիրը ծրագրային բնույթի նոր փաստաթուղթ է, որտեղ նախատեսված են առանցքային ճյուղերում համատեղ ջանքերի մեծացման քայլերը և սահմանված են փոխգործակցության լրացուցիչ ոլորտները, ինչպիսիք են կլիմայի օրակարգը, բժշկությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ոլորտներ։
Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը։ Ռուսական կողմից փաստաթուղթը հաստատել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Կարծում եմ սա շատ լավ քայլ է դեպի առաջ»,- ընդգծել է Պուտինը։
Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, բացի հռչակագրից, նիստի շրջանակում ստորագրվել է ևս 21 փաստաթուղթ։ Դրանց թվում են արձանագրություններ, հրամաններ և որոշումներ, որոնք վերաբերում են համագործակցության հետագա զարգացմանը։
Բացի այդ, ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրում փոփոխությունները, 2024 թվականին ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, միության երկրների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները, ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվության և 2024 թվականի բյուջեի մասին որոշումները և այլ հարցեր: