Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բորելը Գրանադայում հույս է հայտնել, որ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ  Բորելը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել  տարածաշրջանային իրավիճակը։

Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովում։

«Ափսոս, որ Ադրբեջանն այստեղ չէ, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա»,- ասաց նա։

«Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում», – հավելել է Բորելը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր մեկնել Իսպանիա, որտեղ նախատեսվում էր հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրամիության, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։

Թշնամու լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումից հրաժարվելու պատճառը եղել է Ֆրանսիայի «ապակառուցողական դիրքորոշումը», որը մասնակցում է հնգակողմ հանդիպմանը, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։