Այն, որ Ադրբեջանը պետք է նմանօրինակ վարքագիծ ցուցաբերեր և կրկին երկարացներ առևանգված և Բաքվում ապօրինաբար անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների կալանքի ժամկետը, որևէ կասկած չէր հարուցում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը։
«Տարբեր հարցազրույցներում ասել եմ, որ իրենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը շատ հեշտ ազատ են արձակելու։ Բայց նրանց երկար են պահելու՝ մինչև հասկանան, թե ով կլինի գնորդը (որքան էլ այս բառը տգեղ է հնչում) ։
Բաքուն անպայման դատավարություններ է կազմակերպելու, փորձելու է դրանով առաջիկա հարյուր տարվա համար վախեցնել հայ ժողովրդին, որպեսզի որևէ մեկն այլևս չմտածի ազգային-ազատագրական ոգի արթնացնելու, Արցախի խնդրին անդրադարձ կատարելու մասին»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ Թևան Պողոսյանի՝ դատավարություններից հետո Արցախի նախկին բարձրաստիճան գործիչների համար «գնորդներ» կարող են հանդես գալ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները կամ որևէ այլ երկիր՝ բոլորն էլ, իհարկե, սեփական շահերն առաջ մղելով։
Վերլուծաբանը շեշտեց՝ ՀՀ իշխանություններն այս հարցում շարունակում են անգործություն դրսևորել կամ առավելագույնը հայտարարել, որ արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։
«Բայց եթե այդ քայլերի մասին հայ ազգը չի տեղեկանում, ապա ո՞ր երկրի համար դրանք կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնել»,- հարց հնչեցրեց Թևան Պողոսյանը։
Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ-ի՝ երեկ տարածած հաղորդագրությանը, որ հայկական կողմն առաջիկա օրերին Ադրբեջանին կտրամադրի ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ, մեր զրուցակիցը նկատեց՝ այստեղ որևէ զարմանալի բնա չկա։
«Մինչ այս որ տվել են, հիմա ինչո՞ւ պիտի զարմանանք։ Նախօրեին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց ԶՈՒ-երի կարիքների համար պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկը: Իսկ ականապատ տարածքների քարտեզները պետական գաղտնիք չե՞ն։ Հիմա պատրաստվում են պետական գաղտնիքը թշնամական պետությանը փոխանցել. այն նույն պետության, որի մասին ընդամենը մեկ օր առաջ ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանը կարծես թե չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել։
Ասել եմ և հիմա էլ ասում եմ՝ պարտված իշխանություններից պետք է հերթական պարտություն սպասել, և ցավոք սրտի, ինչ էլ որ նրանք անում են, սպասարկում են մեր թուրք-ադրբեջանական շահերը»,- ամփոփեց Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը որոշել է երկարաձգել Բաքվում գերեվարված, որպես պատանդ պահվող Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի կալանաքը։ Նրանք ևս 4 ամիս կմնան անազատության մեջ։
Ադրբեջանի դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ 4 ամսով երկարաձգվել է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հայկական կողմն Ադրբեջանին կտրամադրի ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ։ Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես է եկել պատասխան հաղորդագրությամբ, որ Բաքուն ի գիտություն է ընդունել այս հայտարարությունը։