Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր համար անսպասելի էր սահմանամերձ և նոր շրջաններում, այդ թվում՝ Ղրիմում ընտրողների ավելի բարձր մասնակցությունը, քան առհասարակ երկրում:
Պուտինը նախագահական ընտրություններում ռեկորդային աջակցություն է ստացել։ ՌԴ ԿԸՀ-ի կողմից քվեաթերթիկների 99%-ի մշակումից հետո ձայների 87,34%-ով նա առաջատարն է։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արտաքին ուժերը, որոնք փորձում էին խարխլել Ռուսաստանի ներքաղաքական համակարգը, դաս կքաղեն ներկայիս նախագահական ընտրությունների արդյունքներից, Պուտինն ասել է, որ այն հաստատություններում, որոնք աշխատում են Ռուսաստանի դեմ, այնքան էլ հիմար մարդիկ չեն նստած:
Նա ընդգծել է, որ Արևմուտքի խնդիրն այն է, որ այնտեղ շատ մարդիկ են մնացել, որոնք ԽՍՀՄ-ի դեմ կռվելուց բացի, այլ ունակություն չունեն և հիմա էլ շարունակում են կռվել Ռուսաստանի դեմ:
«Մասնագետների նոր սերունդներն իրատեսորեն են գնահատում իրավիճակը։ Կարծում եմ, որ նրանք ավելի նուրբ կգործեն։ Բայց Ռուսաստանի նկատմամբ իրենց նպատակները չեն փոխի»,-ասել է նա։
«Եթե դուք ուզում եք իմ կարծիքն իմանալ՝ ընտրությունները ժողովրդավարական են, թե ոչ, ես կարծում եմ, որ ժողովրդավարական են։ Եվ հակառակը՝ որոշ երկրներում, օրինակ՝ ձեր երկրում, մի՞թե կարելի է ժողովրդավարական համարել վարչական ռեսուրսի օգտագործումը Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներից մեկի վրա հարձակվելու համար` օգտագործելով նաև դատական ատյանները», – ասել է Պուտինը՝ պատասխանելով NBC news-ի ամերիկացի լրագրողի հարցին: