Այսօր Բրյուսելում կայացած Փաշինյան- ֆոն դեր Լեյեն-Բլինկեն հանդիպումն աշխարհաքաղաքական որոշման շրջանակներում էր, որը հետո փորձելու են օգտագործել որպես հաղթաթուղթ՝ «Տեսե՛ք, ԵՄ-ն Հայաստանի կողքին է, իսկ նրա դաշնակիցը նրան «գցել է»», Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր կայացած եռակողմ հանդիպմանը։
«Սա առճակատման շարունակությունն է. այսօրվա հանդիպումը կարող էր և չլինել, իզուր տեղն այսքան պետական գումարներ չծախսեին, այսքան մարդ չտանեին Բրյուսել, պարզապես այնտեղից հայտարարեին, որ որոշվել է Հայաստանին 270 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային աջակցություն տրամադրել։
Պարզվեց, որ Արևմուտքում գիտեն՝ Հայաստանում կա հումանիտար խնդիր, որը կոչվում է Արցախից բռնի տեղահանվածներ։ Բայց նույն Արևմուտքում մոռանում են, որ դա ցեղասպանության և էթնիկ զտման ակտ էր, որն իրենց իսկ աչքի առաջ տեղի ունեցավ։ Մինչև այս մոտ 30 միլիոն էին տվել, մի փոքր էլ հիմա կտան, կասեն՝ ներեք մեր աչքերի փակ լինելու և ցեղասպանության, հայրենազրկման և ունեզրկման գործընթացները չտեսնելու համար։ Հայ ազգն էլ, այսպես ասած, ձայնը կկտրի, կասի՝ «Դե լավ, մի քիչ փող են տվել»»,- ասաց Թևան Պողոսյանը։
Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵՄ ղեկավարության և ԱՄՆ վարչակազմի հնարավոր փոփոխության պայմաններում կարող է որոշվել՝ Հայաստանին տրամադրված 270 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցությունը շատ է։
«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչու են արևմտյան պաշտոնյաները զանգահարում և հաշվետվություն տալիս Ադրբեջանին, թե ինչ են առաջիկայում անելու։ Դա ներքին գործերի մեջ խառնվել չէ՞։ Ի՞նչ երաշխիքներ են Ադրբեջանին տալիս։
Այսօրվա բրյուսելյան հանդիպումից հետո մենք չլսեցինք բարձր աշխարհաքաղաքական հայտարարություններ, որ Արևմուտքն անվտանգային հարցերում կանգնելու է Հայաստանի կողքին։ Պարզապես տեղի ունեցավ տեխնիկական հանդիպում, որի համար, կրկնում եմ, պետք չէր երկու տասնյակ մարդկանցից բաղկացած պատվիրակությունը Բրյուսել հասցնել։
270 միլիոն եվրոյի դրամաշնորհի մասին կարող էին հայտարարել կա՛մ Հայաստանում ԵՄ դեսպանը, կա՛մ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, կա՛մ էլ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը»,- ասաց Թևան Պողոսյանը՝ չբացառելով, որ կուլիսների հետևում այսօր ավելի կարևոր հարցեր են քննարկվել։
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենն այսօր՝ բրյուսելյան հանդիպումից առաջ, հայտարարել էր՝ Եվրամիությունը չորս տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային աջակցություն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ գերազանց էր որակել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ Բրյուսելում ունեցած խորհրդակցությունները։
«Գերազանց խորհրդակցություն անցկացրինք ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ Հայաստանի տնտեսական, հումանիտար և ժողովրդավարական կայունության ամրապնդման նպատակով համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել էր Փաշինյանը։