Ադրբեջանական կողմին հանդիպման առաջարկ դեռ նոր ենք արել, այս պահի դրությամբ դեռ որևէ բան չկա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Այս պահին այդ հայտարարությունից բացի՝ լրացուցիչ ոչինչ չկա ասելու, որովհետև նորություն կամ թարմացում չկա»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ որքա՞ն արդյունավետ կարող են լինել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները՝ հաշվի առնելով, որ նման երկու հանդիպում արդեն իսկ կայացել են, սակայն ադրբեջանցիներն այդպես էլ Բերձորի միջանցքը չեն բացել, ինչպես նաև չեն լուծվել ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները, Արտակ Բեգլարյանը պատասխանեց.
«Նախորդ հանդիպումների արդյունավետության մասին մենք քանիցս, այդ թվում՝ պաշտոնապես, հայտարարություններ արել ենք՝ ներառյալ ԱԳՆ-ի կողմից։ Իհարկե, արդյունավետ չեն եղել, այլապես շրջափակումը և նաև կենսական ենթակառուցվածքների խափանումները չէին շարունակվի։ Դրանից բացի՝ սադրանքներ և այլն։
Ամեն դեպքում՝ մենք կարծում ենք, որ բանակցությունները միշտ ավելի նախընտրելի են, քան չբանակցելը կամ իրավիճակի լրացուցիչ լարվածությունը»,- ասաց Արցախի պետնախարարի խորհրդականը։
Արտակ Բեգլարյանը միաժամանակ հավելեց՝ արցախյան կողմն Ադրբեջանին փոխանցելու կոնկրետ առաջարկներ ունի։
«Ենթադրում եմ՝ իրենք էլ ունեն։ Տեսնենք՝ ինչ կպատասխանեն, հետո ըստ դրա՝ արդեն կկողմնորոշվենք։ Եթե հանդիպեցինք, բանակցեցինք, եթե արդյունավետ հանդիպում եղավ և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ու դրանք կատարվեցին՝ ավելի լավ, եթե ոչ՝ մենք մեր հետևությունները, բնականաբար, կանենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հավելելով, որ ինքը լիազորված չէ հանրայնացնելու արցախյան կողմի առաջարկները։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։