Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել կոչով՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Կոչում մասնավորապես ասվում է. «Այսօր 25 -րդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:
Արցախյան հիմնախնդիրը միակ հակամարտությունն էր, որի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկիրները գրեթե նույն տեսակետն ունեին:
Հումանիտար աննախադեպ աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, ոչ միայն հասցեական հայտարարությունների կարիք ունի, այլև, կարծում եմ, այդ ուղղությամբ գործուն ու տեսանելի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը կա: Առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, Արցախը զրկված է մանկական սննդի և պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից:
Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը»: