Հայ ժողովրդի Արցախյան հատվածին պատուհասած հայրենազրկման ընթացքում որոշակի հումանիտար դիրքերից հանդես է գալիս հարեւան Իրանը: Այդ նպատակով արվել են որոշ քայլեր, որոնք ըստ էության իրանահայ համայնքի նախաձեռնություններն են: Դեռեւս 2023 թ. հուլիսի 23-ին «Սաման» ընկերության շենքում տեղի է ունեցել միաստվածային կրոնների մամլո ասուլիսը, որի ընթացքում դատապարտվել են կեղծ խոսքի ազատության պիտակի տակ կրոնների սրբությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաեւ Պաղեստինում եւ Արցախում Սիոնիստական վարչակարգի անմարդկային քաղաքականությունը: Հանդիպմանը ներկա իսլամ, քրիստոնյա, զրադաշտ եւ հրեա համայնքների հոգեւոր առաջնորդներն ընդունել են բանաձեւ՝ դատապարտելով թշնամու կողմից Արցախի նկատմամբ կիրառած անմարդկային քաղաքականությունը՝ շրջափակումը:
Փաստորեն, կրոնական հարթակներում իրանական կողմից նկատվել են առաջին ազդակները: Ավելին, օգոստոսի 10-ին Անթիլիասի Մայրավանքում ընդունելով Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության պատվիրակությանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ընդգծել է, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ուստի, սպասելի է, որ այն իր կարելին շարունակի կատարել Բերձորի (Լաչին) միջանցքի շուտափույթ վերաբացման համար: Հարկ է նշել, որ այդ ընթացքում իրանական կողմից ժամանակ առ ժամանակ նկատվել են ավելի շուտ խաղաղ գոյակցության կոչեր:
Հետաքրքրական է, որ իրանական «Քարզար» կայքում ի զորակցություն Արցախի կազմակերպված ստորագրահավաքի, «Ո՛չ Ցեղասպանությանը, աշխարհն է խոսում» խորագրով բոլորին ուղղված կոչի եւ այդ համատեքստում գեղանկարներով հաջակցություն Արցախի ապաշրջափակման պահանջով ձեռնարկված քայլերի մասին են զրուցել օգոստոսի 24-ին Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն ու «Անահիտ» գիտամշակութային եւ գրական հանդեսի խմբագրական խորհրդի քարտուղար, պատմագիտության թեկնածու, հայ ժողովրդի բարեկամ պարոն Աբբաս Էղբալ Մեհրանին:
Հարկ է նշել, որ սեպտեմբերի 20-ին Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը խորհրդարանական լսումներին իր ելույթի ժամանակ դիմել է երկրի բարձրաստիճան այրերին՝ հորդորելով անտարբեր չմնալ Արցախում տիրող իրավիճակի եւ Բաքվի սանձազերծած քայլերի նկատմամբ: Այդ նպատակով Ռոբերտ Բեգլարյանը Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հետ առանձին հանդիպումներ եւ հեռախոսազրույցներ են ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբդոլահիանի եւ Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպության տնօրեն Փիրհոսեին Քոլիվանդի հետ: Արդյունքում ավելի քան 50 տոննա կենսական նշանակության միջոցներ է տրամադրվել Արցախի հայրենակիցներին: Հոկտեմբերի սկզբին Իրանի մարդասիրական օգնությունը հասել է Սյունիք: Ակնհայտ է, որ այս ամենը վերահաստատում է իրանական իշխանությունների՝ համակեցության սկզբունքներին հավատարիմ մնալու եւ դրանք գործնականում իրագործելու անխախտ մտադրությունների մասին:
Նոյեմբերի 18-ին Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին օգնություն տրամադրելու նպատակով Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կյանքի կոչված հանձնախմբի ջանքերով եւ համայնքի նվիրատվությունների շնորհիվ օգնությունների երկրորդ բեռնաքանակն է տեղափոխվել Հայաստան: Հանձնախմբի անդամ Էդվին Միրզայանի հավաստմամբ՝ երկրորդ բեռնաքանակը պարունակել է 13 տոննա հիգիենայի միջոցներ եւ 300 հատ էլեկտրական ջեռուցման սարքեր (վառարաններ): Նշելի է, որ օգնության շրջանակներում Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի փոխատենապետ Վահե Թարոյանի անմիջական համադրությամբ իրանական ընկերություններից մեկն ավելի քան 18 տոննա հիգիենայի միջոցներ է նվիրել Արցախից տեղահանված հայրենակիցներին:
Այսպիսով, հայ համայնքն ու նրա՝ խորհրդարանում ներկայացված երկու պատգամավորները, անշուշտ՝ իրանական պետության եւ իշխանությունների թույլտվությամբ ու բարյացակամությամբ որոշակի մասնակցություն են բերում Արցախի իրենց հայրենակիցներին աջակցելու հարցում, ապրում նրա ցավով, կազմակերպում որոշակի հատկացումներ եւ հետեւում դրանց հասցեական բաժանմանը: Ընդ որում, այդ գործընթացը մեկնաբանվել է նաեւ հասարակական շրջանակներում:
ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Իրանագետ