Իշխանական պատգամավորները վաղուց արդեն հայ ազգի հասցեին այնպիսի բաներ են ասել և այնպիսի բաներ արել, որ զարմանալ այլևս հնարավոր չէ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին՝նորմա՞լ է, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն Ադրբեջանի դրոշը Երևանում այրելու արարքը դատապարտող իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայ ազգին «վայրի ու մարդակեր» ցեղ է անվանում։
«Հովիկ Աղզարյանն այն մարդը չէ, որի արարքներն իմաստ եմ գտնում մեկնաբանելու։ Նա բազմիցս այնպիսի հայտարարություններ է արել, որոնք որևէ տրամաբանությունից զուրկ են։ Հովիկ Աղազարյանը կարող է վաղն էլ միջազգային հանրությունից ներողություն խնդրելու համար ներողություն խնդրել. նրանից ամեն ինչ կարելի է սպասել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արմենուհի Կյուրեղյանի խոսքով՝ ադրբեջանցիների համար ոգևորիչ են ՀՀ գործող իշխանությունների գրեթե բոլոր քայլերը, այդ թվում՝ հայ պատգամավորի կողմից հայ ազգին «վայրի և մարդակեր ցեղ» կոչելը։
«Իսկ ադրբեջանցիները սրանց ո՞ր արարքի վրա խրախճանք չեն սարքել. երկիրը հանձնում են, նրանք խրախճանք են սարքում։ Պարզ չէ՞, որ պետք է խրախճանք սարքեն։ Ադրբեջանցիները վաղուց արդեն խրախճանք են անում ՀՀ գործող իշխանությունների ամեն մի արածի, ամեն մի որոշման համար։
Իսկ Հովիկ Աղազարյանները վաղը պատասխան են տալու, այդ օրն անպայման գալու է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն Ադրբեջանի դրոշը Երևանում այրելու արարքը դատապարտող իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայ ազգին «վայրի ու մարդակեր» ցեղ էր անվանել՝ ներողություն խնդրելով միջազգային հանրությունից։
«Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։
Ամոթ ինձ»,- գրել էր իշխանական պատգամավորը։