Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց
ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նոր է լսում, որ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունն «Արցախի Հանրապետության ապօրինի լուծարման հետևանքների հաղթահարման շուրջ» օրակարգ է փոխանցել Արցախի խորհրդարանին։ Ավելին՝ պատգամավորը նոր է միայն լրատվամիջոցներից տեղեկանում, որ այդ քաղաքական ուժն առաջարկում է Արցախի ԱԺ պատգամավորների և հասարակական-քաղաքական առաջնորդների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրել՝ քննարկելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Գիտե՞ք, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց այդ կուսակցությունն իր գործելաոճը նույնիսկ Արցախի հանձնումից հետո չփոխեց։ Այսինքն՝ իրենք մնացել են իրենց օրակարգում. ինչ-որ հայտարարություններ են անում՝ հիմնականում սոցիալական հարթակներում, որոնց մասին մենք՝ պատգամավորներս, լրագրողներից ենք տեղեկանում։
Ի վերջո, երբ «Միասնական հայրենիք»-ի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն են տարածում, երևի մոռանում են, որ ԱՀ խորհրդարանի նախագահի պաշտոնակատարն իրենց կուսակցության անդամ է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Անդրադառնալով հայտարարության տեքստում առկա դիտարկմանը, որ Արցախի խորհրդարանի չորս քաղաքական ուժերը դիսկոմֆորտ են ապրում, որ ԱԺ նախագահին օրենքի ուժով փոխարինում է «Միասնական հայրենիք» խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Բաղունցը, Մետաքսե Հակոբյանը նկատեց՝ դիսկոմֆորտի զգացողություն բացարձակապես չկա։
«Պարոն Բաղունցը, մինչև իրենց կուսակցության անդամը լինելը, հարգված դասախոս է, հայտնի ֆիզիկոս։ Այս առումով որևէ դիսկոմֆորտ չկա, բայց հետաքրքիր է՝ ինչում է խնդիրը, որ իրենք իրենց կուսակցության անդամից չեն ճշտում այդ բոլոր հարցերը։ Կարող էին ճշտել և նոր միայն հանրայնացնել՝ ինչումն է խնդիրը։
Երկրորդ, կրկնում եմ՝ մենք, մասնավորապես ես, որևէ նման առաջարկ չեմ ստացել։ Ես Ձեզնից առաջին անգամ եմ լսում, որ Արցախի ԱԺ պատգամավորներին խորհրդակցության առաջարկ է արվել։ Որևէ մեկը չի զանգել, որևէ մեկը որևէ բան չի ասել։ Հակառակը, մենք բոլորս արդեն չգիտենք՝ ինչ միջոց կիրառենք, որ կարողանանք բոլորին մեկ վայրում հավաքել։
Ստացվում է, որ մեր քաղաքական ուժն անդադար ինչ-որ գործընթացներ է իրականացնում, որի համակարգված լինելու դեպքում գործողություններն ավելի արդյունավետ կլինեին»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ գոնե հիմա պետք է դադարել զուտ հայտարարություններ անել և փորձել գործել։
«Որևէ մեկը որևէ մեկի ձեռքը չի բռնել. բոլորն ազատ են իրենց գործողություններում։ Ես չեմ հասկանում և ընկալում «Միասնական հայրենիք»-ի հայտարարությունը»,- ամփոփեց արցախցի պատգամավորը։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
«Բռնատեղահանվելուց և Հայաստանի Հանրապետությունում ապաստանելուց երկու շաբաթ անց «Միասնական հայրենիք» կուսակցությունը ձևակերպել և Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի միջոցով Արցախի խորհրդարանին է փոխանցել «Արցախի Հանրապետության ապօրինի լուծարման հետևանքների հաղթահարման շուրջ» օրակարգ՝ մասնավորապես առաջարկելով հրավիրել խորհրդակցություն Արցախի ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի պատգամավորների և հասարակական-քաղաքական առաջնորդների մասնակցությամբ։
Խորհրդարանականները, սակայն, չեն համաձայնել մասնակցել վերոնշյալ օրակարգով խորհրդակցության»,- ասված է հայտարարության տեքստում։