Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
-Պարո՛ն Ղևոնդյան, Արցախը նոր նախագահ ունի։ Ի՞նչ կտա նոր նախագահի ընտրությունը ռազմաքաղաքական և հումանիտար բարդագույն իրավիճակում հայտնված Արցախին։
-Ժամանակը ցույց կտա, թե ինչ կտա այս ընտրությունը։ Այնուամենայնիվ այն, որ նոր նախագահը շատ ավելի ցածր մակարդակի լեգիտիմություն ունի, քան ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ակնհայտ է։ Շատ ցավալի է, որ մենք նման մակարդակի նվազեցում ունեցանք այն իրավիճակում, որում այսօր Արցախը հայտնվել է։
Առաջին նորությունը, որն արդեն եկել է, ցույց է տալիս, որ զարգացումները կարծես թե բավական բացասական են։ Ըստ տեղեկատվության՝ Աղդամի ճանապարհով ռուսական Կարմիր խաչի ավտոմեքենա է անցել Արցախ։ Ես, ամեն դեպքում, այս նորությունը կապում եմ Արցախում կայացած ընտրության արդյունքի հետ։
Մյուս կողմից ակնհայտ է, որ Արցախի ժողովուրդը խոշոր հաշվով նման զարգացման հետ կապված որևէ առարկություն չունի։ Մենք գիտենք, որ Արցախում կա ուժ, որը փորձում է խոչընդոտել այսպիսի զարգացմանը։ Բայց Արցախի ժողովուրդը փաստացի այդ ուժի կողքին չկանգնեց և այսօր դուրս չեկավ փողոց։ Սա նշանակում է, որ Արցախի ժողովրդի ընտրությունն այդպիսին է։
Կան, իհարկե, գնահատականներ, որ Արցախի նորընտիր նախագահը ռուսական ուղղվածության քաղաքական և առանձին գործիչների ուժերի ներկայացուցիչն է, բայց եթե Արցախի ժողովուրդը համաձայն է նման զարգացման հետ, մենք ուղղակի իրավունք չունենք դեմ լինել և նրանց փոխարեն որոշել, թե ինչպիսի ղեկավարություն պետք է լինի Արցախում։
-Այդ դեպքում ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը։
-Մեր գործն այստեղ այն է, որ Հայաստանը կարողանա այսպես թե այնպես հարաբերվել ցանկացած Արցախի հետ՝ նույնիսկ այնպիսի Արցախի, որը կգտնվի Հայաստանի հետ որոշակի խնդիրներ ունեցող ուժերի ազդեցության ներքո և կանի քայլեր, որոնք Հայաստանը ճիշտ չի համարի։
Միաժամանակ Հայաստանը պետք է կարմիր գծերն ունենա, օրինակ՝ Արցախի նոր ղեկավարությանը զգուշացնի, որ Հայաստանի և ՀՀ լեգիտիմ ընտրված իշխանությունների նկատմամբ բացասական, քամահրական կամ քննադատական վերաբերմունք ունենալու դեպքում Հայաստանն ուղղակի կարող է որևէ կերպ չաջակցել Արցախի իշխանություններին, օրինակ՝ չֆինանսավորել Արցախի պետական համակարգը և այլն։ Բազմաթիվ են գործիքները, որոնք այս պահին Հայաստանի ձեռքում են՝ Հայաստանը կգտնի և՛ Արցախի ժողովրդին աջակցելու մեթոդներ, և՛ իշխանությանն աջակցության միջոցներից զրկելու ճանապարհներ։
Սա պետք է ներկայացնել ոչ թե որպես պատիժ, որովհետև Հայաստանն առանձին պետություն է, և Արցախը դիտարկվում է որպես Հայաստանից դուրս գտնվող միավոր։ Սա պետք է դիտարկել ոչ թե պատիժ, այլ ՀՀ շահերի իրացման, արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը։
-Պարո՛ն Ղևոնդյան, ինչպես արդեն ասացիք, Ադրբեջանի Կարմիր մահիկի և ռուսական Կարմիր Խաչի համագործակցությամբ` ռուսական կողմը 1 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Ի՞նչ նոր հնարավորություններ է ընձեռում սա ադրբեջանական կողմին։
-Կա նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, որ Լաչինի միջանցքը և Աղդամի ճանապարհը կարող են զուգահեռ աշխատել։ Կարծում եմ՝ Ադրբեջանին ձեռնտու կլինի, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի Աղդամի ճանապարհն օգտագործելուց հետո, քանի որ մեծ հաշվով, եթե Արցախում կա իշխանություն, որը պետք է շարժվի այնպես, ինչպես կհրամայեն Ռուսասատանից, ապա Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի՝ բաց կամ փակ լինելը որևէ խոչընդոտ չէ առաջ մղելու Արցախի այսպես կոչված «վերաինտեգրման» ծրագրերը։ Սա այն պատճառով, որ Ադրբեջանն Աղդամի ճանապարհով կկարողանա շատ ավելի արդյունավետ մատակարարում իրականացնել, քան Հայաստանը կկարողանա դա իրականացնել Լաչինի ճանապարհով։
Առավել ևս մենք տեսնում ենք, որ Արցախի ժողովուրդը կարծես թե ավելի շատ հակված է շփվել, աշխատել և իր ապագան կապել ռուսական կողմի հետ, քան օրինակ՝ Հայաստանի առաջարկած՝ իհարկե շատ ավելի դժվարին և շատ ավելի անորոշ «Անջատում՝ հանուն փրկության» մոդելի հետ։ Հնարավոր է, որ արցախցիները չեն հավատում դրա իրականություն դառնալուն, բայց դա իրենց խնդիրն է։
Կարելի է ասել, որ այս պայմաններում շատ հավանական է, որ Ադրբեջանը կբացի Լաչինի միջանցքը։ Դա մի կողմից Հայաստանին կզրկի խոսել Ադրբեջանի հակահայկական գործունեության մասին, որովհետև կհայտարարվի, որ ճանապարհը փաստացի բաց է, մյուս կողմից հնարավորություններ չի ստեղծի, որպեսզի Հայաստանն ու Արցախն այդ բաց ճանապարհն օգտագործեն Ադրբեջանից օտարվելու համար։ Ընդհակառակը, ինչպես ասացի, այդ ճանապարհին զուգահեռ՝ բազմակի անգամ արդյունավետ կօգտագործվի Աղդամի ճանապարհը, ինչն ի վերջո կտանի ադրբեջանցիների մշակած «վերաինտեգրման» ծրագրի՝ իրականություն դառնալուն։