Երբ մենք ասում էինք, որ Արցախի շրջափակումը բառի բուն իմաստով պատերազմ է և ոչ՝ ընդամենը հումանիտար խնդիր, շատերը չէին հասկանում, նույնիսկ մեր ասածները դիտարկում էին որպես խուճապի տարածում։ Ցավոք, այժմ քաղում ենք դրա դառը պտուղները, Azg,am-ի թղթկացի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով օրեր առաջ մարտակերտցի երկու փոքրիկների մահվան դեպքին։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին 3 և 6 տարեկան երեխաների մայրը Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից գնացել էր քաղաք՝ երեխաների համար սնունդ բերելու։ Արցախում վառելիք չլինելու պատճառով երիտասարդ կինը Մարտակերտ գնացել էր ոչ թե մեքենայով, այլ ոտքով։ Այդ ընթացքում երեխաները մենակ էին մնացել։ Ավելի ուշ կինը վերադարձել էր տուն և տեսել, որ երեխաները տանը չեն։
Հաջորդ օրը Մարտակերտ քաղաքի մի բնակիչ երեխաների մարմինները հայտնաբերել էր իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Ըստ տեսախցիկների ֆիքսած կադրերի՝ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել էին Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը և քնել նստարանին։ Նախնական տվյալներով մահվան պատճառ էր հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։
«Արցախցի երկու փոքրիկների մահվան դեպքը պետք է ընդհանրական դիտարկել և հասկանալ, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով այսօր 30 հազար երեխայի կյանք է վտանգված։ Ամիսներ առաջ, երբ ԱՀ առողջապահության նախարարը խորհրդարանում ներկայացնում էր շրջափակված Արցախում երեխաների առողջության հետ կապված վիճակը, կրկին շատերը լուրջ չէին վերաբերում այդ զեկույցին։
Բայց այսօր մեր երեխաները զրկված են միրգ-բանջարեղենից, չեն ստանում վիտամիններ, և դրա հետևանքները մենք դեռ զգալու ենք։ Ցանկացած պատերազմ ունենում է հետևանքներ, իսկ այս պատերազմի հետևանքներից մեկն էլ լինելու է մեր երխաների խաթարված առողջությունը։
Արցախի պաշարման, սննդի հայթայթման արդյունքում այսօր ունենք երեխաների մահվան ելքով դեպք, և իմ համոզմամբ կա՛մ վարվում է հետևողական քաղաքականություն, որպեսզի միջազգային հարթակներում այս և նմանօրինակ դեպքերը չբացահայտվեն, կա՛մ ինչպես մնացած բնագավառներում, այս բնագավառում էլ պարտված ենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ առավել հավանական է, որ սննդի, բենզինի բացակայության հետևանքով արցախցի փոքրիկների մահվան դեպքը կոծկելը հատուկ վարվող քաղաքականություն է։
«Պետական այրերն այս 7 ամիսների ընթացքում պետք է հասարակության հետ այնպես աշխատած լինեին, որ հասարակմությունը հասկանար՝ Արցախի շրջափակումը պատերազմ է։ Բայց մարդկանց լավատեսական թմբիրի մեջ պահելով՝ ԱՀ իշխանությունները ժողովրդին հասցրել են մի վիճակի, երբ արցախցիները անիրատեսական լավատեսության մեջ ինչ-որ փրկչի են սպասում։ Ձեռքերը ծալած՝ այդ փրկչին սպասում է նաև ԱՀ ղեկավարությթունը, մինչդեռ այդ ընթացքում արցախցի երեխաներ են մահանում։ Մարդկանց շեղում են իրականության հետ որևէ կապ չունեցող թեմաներով»,- ամփոփեց Մետաքսե Հակոբյանը։