Պատգամավորների հետ Արայիկ Հարությունյանի երեկվա հանդիպումը խիստ անհասկանալի և տարակուսելի էր։ Ըստ էության՝ ԱՀ նախագահը խորհրդարանականներին պետք է տարեկան հաշվետվություն ներկայացներ, ինչը, սակայն, չարվեց։ Հիմնավորումն այն էր, որ հաշվետվությունն անվտանգային բաղադրիչներ է պարունակում, և ցանկության դեպքում կարող է խմբակցություններին առանձին-առանձին հաշվետվություն ներկայացնել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել արցախցի պատգամավորների հետ։
«Հաշվետվությունից հետո, ըստ կանոնակարգի, մենք հնարավորություն ունենք մտքերի փոխանակում անել։ Ես օգտվեցի այդ հնարավորությունից, ինչն ափերից դուրս բերեց Արայիկ Հարությունյանին։ Նա սկսեց էմոցիոնալ ֆոնի վրա մեղադրել բոլորին։ Ես մասնավորապես հիշեցրեցի, որ 2022-ին մենք հորդորում և բացատրում էինք՝ Քաշաթաղի միջանցքի ապօրինի, առանց փաստաթղթերի տեղափոխումից հետո մեզ բազմաթիվ դժվարություններ են սպասվում։
Ես նաև հիշեցրեցի, որ պետական պաշտոնյաները՝ մասնավորապես այն ժամանակվա Տարածքային և ենթակառուցվածքների նախարարը, փաստում էր՝ իբր մենք շատ շահեկան վիճակում ենք հայտնվելու, համոզում էր, որ իբր տարածքների փոխանակում ենք կատարում և 5 կիլոմետրանոց միջանցքի հարակից բնակավայրերը նորից անցնելու են մեր վերահսկողության տակ։ Դրանով Աղավնո համայնքի բնակիչներին հորդորում էին չվառել իրենց տները»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Հաջորդը, որ ԱՀ նախագահին հիշեցրել է արցախցի պատգամավորը այն է, որ իշխանություններն այդպես էլ իրենց չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը կփաստի, որ միջանցքի գաղափարը չի վերանում։
«Այն ժամանակ մենք իրենց զգուշացնում էինք՝ «Տեսե՛ք, որ շրջափակման մեջ չմնանք»։ Եվ այո՛, այն ժամանակ նրանք մեզ հավաստիացնում էին, որ եռակողմ ստորագրված փաստաթուղթ կա, սակայն մեր բազմաթիվ հորդորներին՝ ցույց տալ այդ փաստաթուղթը, այդպես էլ որևէ փաստաթուղթ ցույց չտվեցին»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերջում Մետաքսե Հակոբյանը նշեց՝ Արայիկ Հարությունյանի հետ երեկվա հանդիպումից հետո իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԱՀ իշխանությունները չեն թաքցնում՝ իրենք այլևս իրավասու չեն Արցախի անվտանգության հարցում և ոչ էլ անվտանգության երաշխավոր են։
«Նախորդ հանդիպման ժամանակ նաև հարց էի տվել՝ արդյոք ՀՀ իշխանություններն Արայիկ Հարությունյանին տեղեկացնում են՝ ինչ են Արցախի հարցով բանակցում։ Հիմա նրան անիմաստ է այս հարցը տալ, որովհետև մնացած բոլոր պաշտոնյաները փաստում են, որ ՀՀ իշխանությունների հետ որևէ առնչություն չունեն, և ՀՀ իշխանություններն իրենց հետ որևէ կոնտակտի դուրս չեն գալիս՝ սկսած ԱԺ նախագահից, վերջացրած մյուս գերատեսչություններով։ Ինչ վերաբերում է անձամբ Արայիկ Հարությունյանին՝ ըստ իր ներկայացրածի՝ ինքը մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետի հետ և տեղյակ է՝ ինչ են հայաստանցի պաշտոնայները բանակցում Արցախի հարցով»,- ամփոփեց մեր զրուցակիցը։




