44-օրյա պատերազմին հաջորդած երեք տարիների պրակտիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային և դիվանագիտական որևէ ճնշում չի գործադրվում կամ եթե գործադրվում է, այդ երկիրը շատ հանգիստ արհամարհում է բոլոր ճնշումները։ Փաստորեն, Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը, որ մնում է, ուժն է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այսօր Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ հերթական ագրեսիային։
Մեր զրուցակցի խոսքով, սակայն, բոլորովին պարտադիր չէ, որ Ադրբեջանի նկատմամբ դասական իմաստով ուժ կիրառվի։
«Եթե մենք կարողանանք մեր ռազմարդյունաբերությունը և բանակի մարտունակությունն անհամեմատ բարձրացնել՝ դրանք դարձնելով Ադրբեջանի համար ռեալ վտանգ ներկայացնող գործոններ, ապա այդ երկիրն այլևս ռիսկի չի դիմի նման սադրանքներ իրականացնելու։
Նորից եմ կրկնում՝ պարտադիր չէ՝ հայկական կողմն անպայման ուժ կիրառի, որպեսզի թշնամին վախենա դրանից։ Պարզապես պետք է կարողանանք հասնել նրան, որ ցույց տանք՝ մենք ևս ուժեղ ենք և կարող ենք ցանկացած պահի ուժ կիրառել»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Ռազմական փորձագետն իր տեսակետը հիմնավորելու համար հիշեցրեց 2021 թվականին Վարդենիսի ուղղությամբ տեղի ունեցած մի միջադեպի մասին։
«2021-ի մայիսին ադրբեջանցիները շրջել էին մեր դիրքերի կացարանները։ Այդ ժամանակ հայկական կողմը ոչ մի գործողություն չէր ձեռնարկել։ Իսկ երբ արդեն 2022 թվականի գարնանը մենք հակազդեցություն ցույց տվեցինք, ադրբեջանցիները բավական երկար ժամանակ Վարդենիսի ուղղությամբ որևէ գործողություն չիրականացրեցին։ Սա վառ ապացույցն է այն բանի, որ մինչև չլինի ուժի հակազդեցություն, Ադրբեջանը չի լռելու»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Մեր զրուցակիցը միաժամանակ շեշտեց՝ չպետք է ծայրահեղությունների գիրկն ընկնել՝ պնդելով, թե բանակաշինության գործընթացն ամբողջովին կանգնած է։
«Որքան էլ ներկա իշխանությունը մեծ սխալներ գործած լինի և հավատա իր հյուսած խաղաղության պայմանագրի հեքիաթին, պետք է փաստենք, որ ամեն դեպքում բանակում գործողությունենր, որպես այդպիսին, տեղի են ունենում։
Այլ բան են գործողությունների տեմպերը։ Այո՛, ես շատ դժգոհ եմ այդ տեմպերից, որովհետև բանակաշինության գործընթացը կարելի էր ավելի արագ կազմակերպել, ճիշտ այնքան արագ, որքան ՀՀ իշխանությունները պայքարում են այլախոհների դեմ։ Թող նույն այդ ջանասիրությամբ նաև բանակը հոզորացնեն»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Եզրափակելով՝ մեր զրուցակիցը շեշտեց՝ չպետք է մոռանալ այսօր տեղի ունեցածի նախապատմությունը. մասնավորապես, Բաքվի բռնապետը դեռ երեկ երեկոյան ալիբի ստեղծեց, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։ Մինչդեռ պաշտոնական Երևանն իր հերթին հայտարարություն տարածեց, թե «Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը հետաքննվում է»՝ սրանով պարարտ հող նախապատրաստելով ադրբեջանական ագրեսիայի համար։
«Ամեն դեպքում, կարծում եմ, որ ադրբեջանցիներին պատասխան տալն այս դեպքում կնշանակեր կուլ գնալ սադրանքին և հրահրել մեծամասշտաբ ռազմական գործողություն»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել է 4 անձ։ Ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ զոհվածներն են Էդուարդ Համլետի Հարությունյանը (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյանը (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյանը (1979 թ.) և
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը (1957 թ.)։
Հայկական կողմն ունի նաև մեկ վիրավոր։