ԱՄՆ Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը մշտապես եղել է Ամերիկայի հայ համայնքի և Հայաստանի Հանրապետության կողքին՝ գործելով որպես հայ լոբբիստական կազմակերպությունների ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ վերջինիս ներկայացրած բանաձևին, որով հայամետ կոնգրեսականըպահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս՝ Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։
«Կարծում եմ՝ Ադամ Շիֆի հեղինակած բանաձևն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի կողմից գեներացվող միջազգային ճնշման ևս մեկ բաղադրիչ է։ Իհարկե, նույնիսկ հաջողության դեպքում բանաձևը չի ենթադրում, որ Ադրբեջանն անմիջապես ենթարկվելու է և ազատ է արձակելու հայ ռազմագերիներին, բայց, ինչպես ասացի, բանաձևը ճնշման բաղադրիչ է։
Իսկ ճնշման ուժգնացումը բխում է Հայաստանի շահերից, որովհետև որքան ավելի մեծ լինի Բաքվի վրա գործադրվող միջազգային ճնշումը, այնքան ավելի տանելի կլինի հակադարձ ճնշումը, և հնարավոր կլինի ավելի շատ շահեր իրացնել։
Թեև պետք է նշեմ, որ համապատասխան միջազգային կամքի և ցանկության դեպքում Ադրբեջանն ստիպված կլինի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված մյուս քաղաքացիներին՝ առավել ևս, որ Բաքուն ինքն է հայտարարել համաներում կիրառելու մասին։ Կարելի է ասել, որ ի վերջո Ադրբեջանն ստիպված է լինելու ազատ արձակել հայ գերիներին»,- նկատեց քաղաքագետը։
Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով, սակայն, կա կարևոր մի նրբերանգ. չի բացառվում, Բաքվի բանտերում գտնվող որոշ անձինք առհասարակ ցանկություն չունեն վերադառնալու Հայաստան, այլ գոհ կլինեն տեղափոխվելու երրորդ երկիր՝ օրինակ Ռուսաստան։
«Այստեղ է, որ մենք մի փոքր խնդիր ունենք, որովհետև հնարավոր է՝ կան մարդիկ, որոնք ոչ մի դեպքում չեն ցանակնում վերադառնալ Հայաստան՝ վախենալով Քննիչ հանձնաժողովի հարցերից, այլ ցանկանում են մեկնել Մոսկվա։ Նման դեպքում միջազգային հանրությունը կարող է ուղղակի ճնշում չգեներացնել։ Տրամաբանությունը կարող է լինել այն, թե ինչու պետք է իրենք պայքարեն այդ մարդկանց՝ Մոսկվայում հայտնվելու համար»,- նշեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսականի ներկայացրած բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար: Այն կրկնում է նաև Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ 907-րդ հոդվածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը։