Ցանկացած շարժում իր ներսում պոտենցիալ ունի. այլ հարց է ՝ այդ պոտենցիալը կիրացվի ամբողջությամբ, մասնակի, թե առհասարակ չի իրացվի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Տավուշում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։
«Տավուշյան իրադարձությունները ներուժ ունեն վերաճելու համազգային շարժման։ Ամեն ինչ կախված է կատարվող քայլերից, հասարակության հետ աշխատանքից։ Տավուշում ինքնաբուխ շարժում է, հասարակության շրջանում կա արդարացի բողոք, ընդ որում՝ մարդկանց մեջ ագրեսիան անընդհատ կուտակվում է, և ինչ-որ պահի այն պետք է դուրս գար։ Դա բնականոն գործընթաց է, հասարակական հարաբերությունների էվոլյուցիա։
Երբ տեղի են ունենում պատերազմներ, բնական աղետներ, դիկտատուրաների հաստատում, այդ ժամանակահատվածում մարդկանց մեջ ատելության տեսքով բացասական էներգիա է կուտակվում։ Եվ որպեսզի այն մարդկանց միջից դուրս գա, պետք են շարժումներ և գործողություններ, որոնց արդյունքում կձևավորվեն հասարակական նոր հարաբերություններ, հասարակությունը կգա նոր կոնսենսուսի»,- ասաց քաղաքագետը։
Ըստ քաղաքագետի՝ պատմության ընթացքում հասարակության ներսից ագրեսիայի «ժայթքումն» ունեցել է ինչպես կործանարար, այնպես էլ առողջացնող բնույթ՝ ուժեղացնելով պետությունները։
«Երբ ես ասում եմ, որ յուրաքանչյուր շարժում իր մեջ ունի պոտենցիալ, դրա ինդիկատորից մեկն էլ այն է, որ ձևավորվում են լեգենդներ, կերպարներ, որոնք ոգեշնչման աղբյուր են դառնում։ Օրինակ՝ 96-ամյա տավուշցի տատիկի կերպարը։ Իրականում նա անխոցելի կերպար է, քանի որ որևէ մեկը չի կարող ասել, որ այդ տարեց կնոջ պայքարը աթոռի կամ իշխանության համար է։
Սա ազնվության, արդարության պայքար է։ Տավուշցի ամենատարեց կինը իր խոսքն է ասում, և ավելի կատարյալ կերպար հնարավոր չէր ստեղծել, իսկ սա սպոնտան, բնականորեն ստեղծված կերպար է. քաղտեխնոլոգները պետք է երկար աշխատեին, որպեսզի նման կերպար առաջ բերեին։ Իսկ 96-ամյա տատիկի բողոքը խոսում է շարժման ազնվության և մաքրության մասին, որ մարդիկ իրապես պայքարում են այն մի կտոր հողի համար, որն իրենց համար շատ թանկ է։
Այնպես որ, ներուժը կա. տավուշցի տատիկն արդեն իսկ դարձել է ոգեշնչման աղբյուր։ Առցանց տիրույթում նրա նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունք կա, հպարտության զգացում և ինչ-որ տեղ՝ նաև կարեկցանք»,- նշեց Արա Պողոսյանը։
Ամփոփելով՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ տավուշցիների արդարացի բողոքը զարգացնելու դեպքում լիովին հնարավոր է ստանալ այն վերջնական արդյունքը, որը դրված է յուրաքանչյուր շարժման հիմքերում՝ ազատվել այն մարդկանցից, ովքեր Հայաստանը հասցրել են ներկա վիճակին և անդառնալի գործընթացների հեղինակ են դարձել։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Տավուշի մարզում լարված իրավիճակ է։ Գյողացիները փակ են պահում Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը։
Ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչը Sputnik Արմենիային-ին հայտնել է, որ Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին։
Այսօր իրավիճակը լարված էր հատկապես Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում. Ոստիկանները և ԱԱԾ հատուկջոկատայինները թույլ չէին տալիս, որպեսզի քաղաքացիները մոտենան եկեղեցուն։
Ավելի ուշ, սակայն, բնակիչները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մուտք գործեցին եկեղեցի։