Ընդլայնելով էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը՝ Կադաստրի կոմիտեն կբացառի փաստաթղթերի կեղծումը ՛և էլ ավելի կբարձրացնի պետության դերը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը։
Հարցին՝ ի՞նչ կտա Կադաստրի կոմիտեին փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունելու պրակտիկան՝ բանախոսը շեշտեց՝ Կոմիտեում պարբերաբար թվայնացման գործընթացներ են ընթանում, ինչի արդյունքում աշխատատարությունը կրճատվում է, ներգրավված մասնագետների քանակը՝ ևս. բացի այդ՝ պրոցեսներն արագանում են։
«ՏԻՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել է դասընթաց, մոտ օրերս կրկին նախատեսված են դասընթացներ, պարբերաբար նոտարների հետ հանդիպումներ ենք ունեցել, պարզաբանել ենք, քննարկել ենք արդյունավետ ներդրման պրոցեսը»,- ասաց Արմեն Ալեքսանյանը։
Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ անշարժ գույքի հետ կապված բոլոր իրավահաստատող փաստաթղթերը՝ ժառանգություն, գրավադրում և այլն, որոնց հիման վրա իրականացվում է իրավունքի պետական գրանցում, այսուհետև լինելու են էլեկտրոնային տարբերակով։
Հարցին՝ Կադաստրի կոմիտեում մոտավոր պատկերացում կա՞, թե էլեկտրոնային տարբերակով ստացվելիք ինչ ծավալի փաստաթղթաշրջանառության մասին է խոսքը, բանախոսը դրական պատասխան հնչեցրեց։
«Այո՛։ Օրինակ 2023 թվականին թղթային տարբերակով ներկայացվել է 435 հազար փաստաթուղթ։ Եթե դա վերածենք էջերի քանակի, շատ մեծ թիվ կստանանք։ Իսկ մինչև 2024 թվականի հուլիսի 24-ն արդեն իսկ ներկայացվել է 182 հազար թղթային տարբերակով փաստաթուղթ։
Իսկ վերջին երկու օրվա ընթացքում ներկայացվել է 1200 էլեկտրոնային փաստաթուղթ»,- ամփոփեց Ալեքսանյանը։