Երբ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում, դա նշանակում է, որ այդ երկիրը բաց է պահում Սյունիքի հարցը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունի Ադրբեջանը և որն է այդ երկրի քաղաքականությունը. միայն այդ պարագայում հնարավոր կլինի խոսել, թե ինչ կարող է անել Հայաստանը։
«Որքանով ես եմ հասկանում, Ադրբեջանի խնդիրը հետևյալն է. քանի որ Արցախի հարցը միջազգային ատյաններում դեռ փակված չէ, իսկ փակված չէ, որովհետև այն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, և գերտերությունները, որոնք ուզում են ներկա գտնվել Հարավային Կովկասում, օգտագործում են Արցախի հարցը։
Նման դեպքում պետք է քննարկվի հայերի անվտանգ վերադարձի հարցը և այն,թե ով պետք է այդ անվտանգ վերադարձն ապահովվի, այսինքն՝ ով կարող է ռազմական ուժ մտցնել ՀարավայինԿովկաս, որպեսզի պայքարի իր աշխարհաքաղաքական մյուս ախոյանների դեմ և լուծի սեփական խնդիրները։
Իսկ խնդիրների մեծ մասը կապված է հնարավոր ապագա կոմունիկացիաների հետ, որոնք աշխարհաքաղաքական նշանակություն ունեն։ Այս կոնտեքստում Թուրքիան և Ադրբեջանն ունեն իրենց խնդիրը, և այդ խնդիրը Սյունիքն է»,- ասաց վերլուծաբանը։
Ստեփան Դանիելյանը հիշեցրեց օրեր առաջ Թուրքիայի առևտրի նախարարի խոսքերը, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման փակված չէ, այս հարցը շարունակում է բաց մնալ, և Ադրբեջանի երկու հատվածները պետք է միմյանց միանան։
«Այսինքն՝ ասվում է, որ Սյունիքի հարցը պետք է լուծել, ընդ որում՝ լուծել այնպես, ինչպես իրենք են պատկերացնում։ Այս կոնտեքստում Ադրեջանը համապատասխան քաղաքականություն է վարում՝ ինչ-որ պայմանագրի միջոցով Հայաստանից ստանալ հավաստիացում, որ վերջինս հրաժարվում է Արցախից։
Ռուսական ուժերը, ինչպես հայտնի է, դեռ Արցախում են գտնվում, և Ադրբեջանը նպատակ է հետապնդոեւմ, որ նրանք այնտեղից դուրս բերվեն և նրանց փոխարինեն թուրքական ուժերը։
Իրենք պայմանագրում պետք է ստանան Հայաստանի հրաժարումն Արցախից, և երկրորդ՝ սահմանագծման-սահմանազատման հարցը թողնեն ապագային. այսինքն՝ սա նշանակում է, որ ադրբեջանիցները Սյունիքի հարցը դեռ բաց են պահում, և նպատակ ունեն գրավելու այն»,- ասացՍտեփան Դանիելյանը։
Վերջում մեր զրուցակիցը շեշտեց՝ սահմանազատում-սահմանագծումը հենց Սյունիքի հարցն է, որն ադրբեջական կողմը բաց է թողնում։
Հիշեցնենք, որ AzTV-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր. «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից: Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն այստեղ: Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին, լսում ենք նաև որոշ դրական բաներ։ Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Այս հարցին նայում ենք իրատեսորեն և լավատեսորեն։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության համաձայնագրից, պետք է հասկանանք, որ այն չի նշանակում ամեն ինչի 100 տոկոսանոց լուծում»։