Երևանում կան ծառեր, որոնք, ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, ապրել են իրենց կյանքը, և կասկածից վեր է, որ պետք է դրանց փոխարինման ծրագիր իրականացվի։ Սակայն այս օրերին ընտրված մեթոդաբանությունն անընդունելի է. կոնկրետ Կասկադի տարածքում կտրված թեղիները երիտասարդ ծառեր էին, որոնք հատման բացարձակապես որևէ ցուցում չունեին, Azg.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում լայն թափով ծառահատումներ իրականացնելու և փոխարենը սակուրաներ տնկելու գործընթացին։
Նրա խոսքով՝ նշված տարածքում, բացի թեղիներից, կային հացենիներ և թխկիներ, ինչպես նաև շատ այլ ծառատեսակներ։
«Երբ միջազգային փորձագետի հետ քայլում էինք Կասկադի տարածքով և փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ են ծառերի վրա ծառահատման տոմսեր փակցված, ո՞ւմ կողմից է նման որոշում կայացվել, չստացանք մեզ բավարարող պատասխան։
Երևանի քաղաքապետից խնդրել եմ բոլոր այն իրավական և գիտական հիմքերը, որոնց հիման վրա իրականացնում են այս ծրագիրը»,- ասաց մեր զրուցակիցը։
Քրիստինա Վարդանյանի համոզմամբ՝ չի կարելի արտասահմանից բերել մի ծառատեսակ, որը գրանցված չէ Երևան քաղաքի պետական ռեեստրում, Բուսաբանության ինստիտուտում գիտական հետազոտություններ չի անցել և տնկել մայրաքաղաքի փողոցներում. սա, ըստ ավագանու անդամի, նաև իրավական կոպտագույն խախտում է։
«Երբ ես սեփական բակումս եմ սակուրա աճեցնում, դա մի խնդիր է, բայց երբ Երևանի փողոցներում եմ այդ ծառատեսակը տնկում՝ չունենալով լիազոր պետական մարմնի թույլտվություն, փորձագիտական եզրակացություններ, դա բոլորովին այլ խնդիր է։
Երևանի համար արտակարգ հարմար են հացենիները, և եթե պետք է ծառերի փոփոխման ծրագիր իրականացվի, ապա՝ առնվազն նմանատիպ հատկանիշներով ծառատեսակներով։ Այսինքն՝ չի կարելի կտրել լայնասաղարթ, փոշեկլանող, չորադիմացկուն և քիչ պահանջներ ներկայացնող ծառատեսակները՝ փոխարենը տնկելով պարտեզային սակուրա, որը սաղարթ չունի։
Երևանում ամենակարևոր խնդիրը մարդկանց ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելն է. այդ ճառագայթները չարորակ նոյագոյացությունների պատճառ կարող են հանդիսանալ։ Բերել և նոր ծառատեսակով փորձարկումներ անել բոլորովին տեղին չէ, երբ մեր օնկոլոգիայի ինստիտուտը ահավոր մեծ թվով բուժառուներ ունի»,- ասաց Երևանի ավագանու անդամը։
Մեր զրուցակցի խոսքով՝ սակուրաները բավական պահանջկոտ ծառատեսակներ են՝ հողի, խոնավությաննկատմամբ, բավական հաճախ են հիվանդանում լվիճներով, սնկերով և այլն։
«Սակուրաները չեն լուծում իրենց առջև դրված խնդիրը, իսկ քաղաքում ծառերը տնկվում են որոշակի էկոծառայություններ մատուցելու համար։ Կանաչապատումը գործիք է, որն առողջության մասին է, գեղեցկության մասին չէ։
Եթե քաղաքային իշխանություններին դուր է գալիս սակուրան, թող իրենց բակում տնկեն և ուրախանան»,- ասաց Քրիստինա Վարդանյանը։
Վերջում մեր զրուցակիցը նշեց, որ Երևանի քաղաքապետարանում ավելի վաղ խորհրդակցություն (և ոչ գիտաժողով, ինչպես ներկայացրել են քաղաքային իշխանությունները) է կազմակերպվել, որտեղ մի քանի գիտնականներ իրենց անձնական, բայց ոչ ինստիտուցիոնալ կարծիքն են հայտնել սակուրաների վերաբերյալ։