Azg.am-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
-Պարո՛ն Խաչատրյան, ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա հսկիչ անցակետ են տեղադրել, և ինչպես պարզ է դառնում սոցիալական ցանցերում նրանց տարածած տեսանյութերից, արցախցիներին սեփական հայրենիք մուտք գործել թույլ են տալիս բացառապես նրանց փաստաթղթերն ու ավտոմեքենաները մանրակրկիտ ստուգելուց հետո։
Մտավախություն չունե՞ք, որ ադրբեջանական կողմը նմանօրինակ տեսանյութերը քարոզչական նպատակներով կօգտագործի միջազգային հարթակներում՝ ցույց տալու, թե իբր՝ «Տեսե՛ք, այստեղ որևէ վատ բան չկա, անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք ստուգում ենք, հայերն էլ առանց ընդդիմանալու անցնում են. ուրեմն՝ երկու ժողովուրդները կարող են նաև խաղաղ համակեցություն վարել ադրբեջանի իշխանության ներքո»։
-Լավ չհասկացա… Հա, հասկացա՝ ինչ եք ասում։ Ես չեմ կարծում, որ միջազգային ատյանները տեսանյութերով են կարծիք կազմում։ Որևէ որոշակի նշանակություն դա չունի, իհարկե չունի։
-Իսկ Դուք սեփական ընտանիքի անդամների հետ նման պայմաններում Արցախ կգնայի՞ ք և կանցնեի՞ք Հակարիի անցակետով կամ Լաչինի միջանցքի այն հատվածով, որն արդեն ադրբեջանցի «էկոակտիվիստները» բացել են։
-Ձեր հարցը, ճիշտն ասած, որևէ բովանդակություն չունի, որևէ բովանդակություն չեմ տեսնում Ձեր հարցի մեջ։
Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ անձնական կյանքի հետ կապված՝ չեմ պատրաստվում որէ պարզաբանում տալ։
-Պարո՛ն Խաչատրյան, իսկ կարո՞ղ եք ասել՝ վերջին անգամ ե՞րբ եք Արցախ և Սյունիք այցելել։
-Տենց լավ չեմ հիշում հիմա ճիշտն ասած։ Խորհուրդ եմ տալիս՝ Դուք հաճախ գնաք։
-Ես այդ առումով որևէ խնդիր չունեմ. ինքս արմատներով սյունեցի եմ։
-Ես էլ չունեմ։ Վաղո՞ւց եք աշխատում «Ազգ»-ում։
-Կլինի որոշ ժամանակ։
-Ինչքա՞ն օրինակ։
– Ինչո՞ւ եք հարցնում, պարոն Խաչատրյան, դա ի՞նչ կապ ունի։
-Ես Ձեր որևէ մի հարցին հարցրեցի՞՝ ինչու եք հարցնում։
-Մի քանի ամիս կլինի, որ աշխատում եմ։
-Ձեզ հաջողություն եմ մաղթում։
-Նմանապես. ես էլ Ձեզ եմ մաղթում։