Նախատեսվում է իրականացնել երկու՝ Պուշկինի և Դիլիջանի թունելների նախագծային աշխատանքներ։ Աշխատանքները պատվիրվել են, դրանք իրականացման փուլում են։ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։
«Ուսումնասիրությունները կատարվել են. անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նախագծային առաջադրանքը, և Դիլիջանի թունելի համար նոր նախագիծ պատվիրել։ Այսինքն՝ ուսումնասիրման արդյունքում դիտարկում ենք, որ Դիլիջանի նոր՝ երկրորդ թունելի կառուցման անհրաժեշտություն կա։ Նախագիծը, որն ի սկզբանե պատվիրել էինք թունելի վերականգնման համար, կփոփոխվի և նոր թունելի կառուցման նախագիծ կներկայացվի»,- ասաց Քրիստինե Ղալեչյանը։
Նրա գտեղեկացմամբ՝ պարտավորվածություն կա Դիլիջանի թունելում ներդնել ԵՄ թունելների անվտանգության պահանջները՝ լուսային, տարհանման, անվտանգության և այլ ատրիբուտներով։
«Քանի որ Դիլիջանի թունելի վերականգնման արժեքը բավականին բարձր էր լինելու, և նոր թունելի կառուցումն արժեքով գրեթե մոտ էր լինելու դրան, վերլուծությունը ցույց տվեց, որ գործող թունելը հնարավոր է օգտագործել որպես տարհանման կամ երթևեկության ընդլայնման համար։ Նոր ստանդարտներով նոր թունելի կառուցումը շատ ավելի նպատակահարմար է և հիմնավորված, որովհետև երթևեկության ինտենսիվությունն այդ հատվածում շատ բարձր է»,- ասաց փոխնախարարը։