Ոչ մի երաշխիք չկա, որ ՌԴ արտգործնախարարի՝ Բաքվում հնչեցրած հավաստիացումներից հետո Լաչինի միջանցքում ինչ-որ պահի անցակետ, այնուամենայնիվ, չի տեղադրվի։ Երաշխիք չկա այն պարզ պատճառով, որ նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո թե՛ Արցախի ղեկավարությունը, թե՛ Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի իրենց պատկերացմամբ արժեզրկեն այդ որոշումը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։
«Ռուսաստանի դիրքորոշումն այնպիսին է, որ ոչինչ չի բացառվում ի վնաս հայկական կողմի և ի օգուտ Ադրբեջանի շահերի։ Դրա համար ասել, որ Լավրովը մեզ լիովին բավարարող գնահատական տվեց, սխալ կլինի։ Պետք է հիշել՝ ինչ ունեինք մինչև Լաչինի միջանցքի փակվելը և ինչ ունենք այսօր։
Մինչև միջանցքի փակվելն ադրբեջանցիները մոնիթորինգ էին ուզում, իսկ Արցախի իշխանությունը դեմ էր, այժմ համաձայնվել է։ Արցախի իշխանությունները պաշտոնանկ արեցին Ռուբեն Վարդանյանին՝ հենց Հաագայի դատարանի որոշման պահին՝ ցույց տալու, որ Ադրբեջանի պահանջն են կատարել և նաև տեղեկացնելու, որ հետագայում խնդիր չեն տեսնում հանքերի շահագործման հարցում համագործակցելու Ադրբեջանի հետ։
Եթե միջանցքի փակվելուց հետո այս վիճակն է, ի՞նչ երաշխիք, որ նոր առիթով Լաչինի միջանցքը ճանապարհը կրկին չի փակվի, և նոր պահանջներ չեն դրվի»,- հարց հնչեցրեց Էդվարդ Անտինյանը։
Նրա խոսքով՝ թեպետ Հայաստանը ցույց տվեց, որ 120 հազար Արցախում կանգնած է հումանիտար աղետի շեմին, և այդ ամենն ապացուցվեց Հաագայի դատարանում, սակայն Արցախի և Ադրբեջանի միջև շատ արագ բանակցություններ սկսվեցին՝ ցույց տալու, որ խնդիրներն, ի վերջո, կարգավորելու է Ռուսաստանը։
«Թվում է, թե եթե ՌԴ-ն խոսում է նոյեմբերի 9-ի համաձայնագրին հավատարիմ մնալու մասին, ապա նա առանձնապես դեմ չէ, որ Լաչինի միջանցքում ֆիքսող սարքավորումներ տեղադրվեն։ Եթե մտածենք, որ անցակետը տեխնիկապես գործելու է Ռուսաստանի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը սարքավորումներ է տեղադրելու, այդ դեպքում սարքավորումներով ֆիքսված արդյունքները ի՞նչ են տալու և ո՞ւմ։
Եթե Ադրբեջանը որևէ գործառույթ է ունենալու, դա ոչ միայն անընդունելի է, այլև հակասում է նոյեմբերի 9-ի փաստաթղթին և հենց Ռուսաստանի շահերին, որովհետև եթե Ադրբեջանը գործառույթ ունենա, Ռուսաստանի հաշվին է ունենալու»,- ասաց քաղաքագետը։
Էդվարդ Անտինյանի համոզմամբ, երբ ՌԴ-ն ցանկանում է կարևորել իր դերակատարությունը, այդ նույն դերակատարությունը գործարկվում է ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի։
«Միևնույն ժամանակ, երբ Արցախից հնչում են կարծիքներ, որ իրենք կարող են ադրբեջանցիներին հանքերի մշտադիտարկում թույլ տալ, Լաչինի միջանցքը երկու ամսից ավելի փակելու իմաստը ո՞րն էր։ Ավելին՝ Արցախից հնչում են կարծիքներ, որ կարող են համագործակցել ադրբեջանական կողմի հետ, այսինքն՝ նրանք կարող են հումքը վերցնել, իրենց մոտ վերջնական արդյունք արտադրել և վաճառել։ Ստացվում է, որ Արցախի կախվածությունն ուղղակի է դառնում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը նախօրեին Բաքվում հայտարարել էր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում չի նախատեսվում։