Լայնամասշտաբ նոր պատերազմ սկսելու համար Ադրբեջանը պետք է ունենա աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը. առանց այդ աջակցություն նա չի կարող նոր պատերազմ սկսել, իսկ այս պահին որևէ կենտրոն շահագրգռված է չէ մեր տարածաշրջանում ռազմական նոր գործողություններով, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով, սակայն, ադրբեջանական կողմից պարբերաբար հնարավոր են սադրանքներ և դիրքային առաջխաղացումներ։
«Նոր պատերազմի համար պետք է լինի առնվազն Ռուսաստանի և Արևմուտքի համաձայնությունը, իսկ այսօր ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը այստեղ պատերազմ սկսելու ցանկություն չունեն։ Նրանք խնդիր ունեն տարածաշրջանից միմյանց դուրս դնելու, բայց ոչ պատերազմի»,- նշեց Արմեն Բադալյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե իբր Հայաստանից Արցախ զենք-զինամթերք է տեխափոխվում, քաղտեխնոլոգը նկատեց՝ նմանօրինակ հայտարարություններով Ադրբեջանը ցանկանում է ընդգծել, որ հենց այնպես չի կրակում. կրակում է՝ ի պատասխան հայկական կողմի գործողությունների։ Սա, ըստ մեր զրուցակցի, սադրանքի դասական ձև է։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա, Արմեն Բադալյանի խոսքով, մարտի 5-ին Արցախում ադրբեջանական դիվերսիան պատճառ հանդիսացավ, որպեսզի հայաստանյան իշխանություններն օգտվեն պատեհ առիթից և հայտարարեն՝ ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը։
«ՀՀ վարչապետն այդ մասին անմիջապես հայտարարեց կառավարության նիստի ժամանակ, որովհետև Արևմուտքը ՀՀ իշխանությունների առջև խնդիր է դրել՝ Արցախից դուրս բերել ռուսական խաղաղապահ զորքին՝ այն փոխարինելով միջազգային ուժերով։ Ադրբեջանի նպատակն էլ դա է, որպեսզի ռուսներն Արցախից դուրս գան։
Բայց Արևմուտքի քաղաքական շահերը չեն բխում հայերին պաշտպանելուց, բխում են այնտեղ ռուսների չլինելուց։ Եթե Լաչինի միջանցքում և Արցախում լինեն արևմտյան զորքեր, Արևմուտքի համար բոլորովին վատ չի լինի՝ առավել ևս, որ Հայաստանում արդեն իսկ 100 ԵՄ դիտորդ կա։ Դժվար չէ այդ 100 հոգուն մեկ գիշերվա ընթացքում տեղափոխել Արցախ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, գաղտնիք չէ՝ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ ուժերով աշխատում են ընդդեմ Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության։ Բայց սա մի փոքր բարդ է, որովհետև Ադրբեջանը արցախյան հարցի կարգավորման Ռուսաստանի կոնցեպցիան է ընդունել, որի պատճառով էլ արհամարհեց Հաագայի դատարանի որոշումը»,- ամփոփեց քաղտեխնոգը։