Ինձ համար անընդունելի է, երբ Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի համար օդային տարածքը փակել են Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման պատճառով։ Դա մեր ժողովրդի պատմական հիշողության հետ կապված մի երևույթ է, որի առնչությամբ նման գործողության գնալը պարզապես անընդունելի է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Ես համոզված եմ, որ Մևլութ Չավուշօղլուի այս հայտարարությունը պետք է արժանանա ամենակոշտ հակազդեցության՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև ամբողջ աշխարհի կողմից։
Թուրքիան կարող էր «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման առիթով հանդես գալ որևէ հայտարարությամբ, բայց Հայաստանի դեմ այսպիսի պատժամիջոց կիրառելը համարժեք չէ»,- ասաց թուրքագետը։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններն իրենց հերթին Թուրքիայի նմանօրինակ քայլի առնչությամբ պետք է հանդես գան կոշտ արձագանքով։
Ինչ վերաբերում է Սևծովյան տնտեսական համագործակցության միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնավոր ինքնաթիռի մուտքը Թուրքիա թույլ տալուն, մեր զրուցակիցը նկատեց՝ դա բոլորովին այլ պատմություն է։
«Այդ այցը նախապես պայմանավորված էր, միջոցառումը, պարզապես, Թուրքիայում է տեղի ունենում։ Հաջորդ անգամ այն կարող է այլ վայրում կազմակերպվել»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
Այսօր արդեն Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է՝ իրենց համար անընդունելի է, որ Հայաստանում մեծարում են 1920-ականներին թուրքերին և ադրբեջանցիներին սպանողներին և Երևանում նրանց նվիրված հուշարձան տեղադրում։
«Միայն բացառության կարգով թույլատրել ենք Հայաստանի Ազգային ժողովի նախագահի օդանավի թռիչքը, քանի որ նա պետք է Սևծովյան տնտեսական համագործակցության միջոցառմանը մասնակցի։ Եթե Հայաստանը նման կերպ շարունակի, հուշարձանը չհանի, ապա լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկելու»,–ասել է Չավուշօղլուն։