Քանի որ Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան հանդիպումն արդեն իրականություն է, քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ որոշակի իրատեսական հնարավորությու կա նաև Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպման համար։
Հիշեցնենք՝ իրավիճակին տեղյակ աղբյուրները «Թուրան»-ի վաշինգտոնյան թղթակցին հայտնել են՝ սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հետ՝ առաջ մղելու այն, ինչը համարվում է խաղաղության բանակցությունների «վերջնական փուլ»։
«Եթե հաշվի առնենք, որ նախօրեին արդեն տեղի էր ունեցել Փաշինյան-Էրդողան հանդիպումը, և այդ հանդիպումն, ըստ երևույթին, կազմակերպման բավական երկար պրոցես էր անցել, այս ամենը վկայում է այն մասին, որ Նյու Յորքում ամենայն հավանականությամբ ինչ-որ հանդիպում ևս պատրաստվում էր։ Իմիջիայլոց, դրա մասին էր վկայում նաև նախօրեին Թուրքիայի հատուկ բանագնացի այցելությունը Բաքու, հանդիպումը ՌԴ փոխվարչապետի հետ»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Պողոսյանը։
Ըստ քաղաքագետի՝ իրատեսական հնարավորություն կա Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումից հետո հաղորդելու, որ կողմերը որոշակիորեն մոտեցել են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց գործնականում, գոնե այս պահին, քիչ հավանական է, որ նյույորքյան հանդիպումը կբերի խաղաղության պայմանագրի ստորագրման։
«Ցավոք սրտի, մեր հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվել, որ այսպիսի հանդիպումներով հնարավոր է ալիևյան վարչակարգին և Թուրքիային համոզել հրաժարվել իրենց պահանջներից և գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։
Ուզում եմ հատուկ նշել, որ ցանկացած կարգավորման գործընթացում, որտեղ Ադրբեջանն ինչ-որ բան թվացյալ կզիջի, դրա դիմաց կպահանջի ավելի մեծ բան։ Սրանով պայմանավորված՝ կարծում եմ իրատեսական չէ, որ Ադրբեջանը զիջի իր դիրքերը՝ մասնավորապես երկու խնդրի հետ կապված. առաջինն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումն է, երկրորդը՝ Սահմանադրության նախաբանից հրաժարումը, հաջորդը՝ այսպես կոչված «փախստականների» փոխհատուցման կամ վերադարձի խնդիրը»,- ասաց Արա Պողոսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ այժմ արդեն ադրբեջանական կողմը շրջանառության մեջ է դնում դեռևս 2021 թվականից շրջանառվող, Հայաստանի կողմից Ադրբեջանին ռեպարացիաներ (ռազմատուգանք) վճարելու հարցը։
«Կարծում եմ՝ ռեպարացիաների հարցը փորձելու են համահավասար ներկայացնել Ադրբեջանի կողմից Արցախում կատարված էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հետ։ Այսինքն՝ եթե հայկական կողմը հրաժարվի դատական հայցերից, տեսականորեն հնարավոր է, որ Ադրբեջանը ժամանակավորապես առկախի ռազմատուգանքի հարցը։
Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պահի, երբ կթվա, թե մոտենում ենք խաղաղության պայմանագրի կնքմանը, Ադրբեջանն առաջ է բերելու վերոնշյալ թեզերից որևէ մեկը՝ գոնե ժամանակավորապես առկախելով խաղաղության կնքումը»,- ամփոփեց քաղաքագետը։