ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա: Այս մասին News.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ։
«Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մենք անհանգստացած ենք նրանց կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնություն տրամադրելու և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- ասել է Զախարովան։
Հունիսի 2-ին հայկական պատվիրակության այցի մասին հայտնել է ուկրաինական AnalitikaUA գործակալությունը՝ հղում անելով Բուչայի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությանը։
Ըստ կայքի՝ Տեր-Մարգարյանը քննարկել է «Բուչան համայնքի և Երևանի Նոր Նորք թաղամասի համագործակցությունը» և հայտարարել, որ «Երևանը միշտ աջակցելու է ռուսական ագրեսիայից տուժածներին», – գրում է NEWS.ru-ն:
«Ռուսաստանը հուսով է, որ հայկական կողմը Մոսկվային կհանձնի Կիևից ստացված Բուչայում սպանվածների ցուցակը»,-2 օր առաջ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող NEWS.ru-ի թղթակցի հարցին։
Զախարովան այսպես արձագանքել է Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի Բուչա այցին։ «Հավանաբար, Հայաստանի պատվիրակությունն ունի զոհերի ցուցակը, որը Կիևի ռեժիմը վերագրում է, իբր, ռուսական բանակին, որ ռուսական կողմն է սպանել այդ մարդկանց։ Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը ցուցակը կկիսի ռուսական կողմի հետ։ Երկու տարի է՝ չենք կարողանում հասնել նրան, որ կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, այդ տվյալները տրամադրեն»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը