Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից. հայտարարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
Շոլցը կարևորեց նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլ առ քայլ գնան հարաբերությունների երկարաժամկետ կարավորման: Փաշինյանը Շոլցին ներկայացրեց ԼՂ-ում վերջին զարգացումները:
«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,-ասաց կանցլերը:
Գերմանիան աջակցում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին: Շոլցն ընդգծեց, որ Գերմանիան դա արել է՝ նաև ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանական անձնակազմ ուղարկելով: Ընդ որում՝ այդ առաքելությունը ղեկավարելու է գերմանացի դաշնային ոստիկան:
Շոլցը կոնֆլիկտի լուծման համար քաջալերող քայլ համարեց Փաշինյանի և Ալիևի՝ Պրահայում ու Մյունխենում մտքերի փոխանակումը:
Անդրադառնալով հարցին ու դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում անգամ Հաագայի դատարանի որոշումն՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ Շոլցը վերահաստատեց. «Մենք ինքնորոշման իրավունքի, նաև տարածքային ամբողջականությա սկզբունքի կողմնակիցն ենք»: Նա կարևորեց տարածաշրջանում անվտանգության բարելավումը: