ՀՀ գործող իշխանությունները մշտապես ցույց են տվել, որ շատ մեծ ցանկություն ունեն օր առաջ կնքելու իրենց պատկերացմամբ խաղաղության պայմանագիրը և Արցախի հարցն, ըստ իրենց, վերջնականապես փակելու, այն է՝ կատարելու այն ծրագիրը, որի համար իրենք բերվել են։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Իջևանի և Ղազախի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի վաղվա հանդիպմանը։
«Դրանից հետո սկսվելու է գործողությունների հաջորդ ՝ Հայաստանում ռուսական ներկայության չեզոքացման փուլը։ Սակայն Ադրբեջանը հասկանում է, որ մինչ այդ կարող է ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից, դրա համար էլ անընդհատ քաղաքական առևտրի մեջ է մտնում Արևմուտքի հետ ՝ ավելի ու ավելի կոշտացնելով իր պահանջները։ Ադրբեջանը չի ցանկանում միանգամից համաձայնել Արևմուտքի հետ, որովհետև խնդիրներ կունենա Ռուսաստանի հետ։
Բացի դրանից՝ Ադրբեջանը հասկանում է, որ Արցախում դեռևս ռուս խաղաղապահները կան, և նրանցից ազատվելու խնդիր կա։ Իհարկե, այս հարցը կարող է այսպես մնալ մինչև 2025 թվական, որից հետո ռուս խաղաղապահները ստիպված կլինեն դուրս գալ Լեռնային Ղարաբաղից»,- ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են շուտափույթ կերպով կնքել խաղաղության պայմանագիրը և արդեն փաստաթղթերով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ այսպիսիով փակելով ՌԴ-ի ցանկացած դերակատարություն արցախյան հարցում։
«Հատկապես ՌԴ արտգործնախարարի խոսնակի միջոցով մշտապես հայտարարվում է, որ արցախահայությունը պետք է վերադառնա Արցախ։ Ի դեպ՝ ռուս խաղաղապահների թվաքանակն է ավելացվել, բայց դա ոչինչ չի փոխում։ Ադրբեջանն այս պահին դեռևս տատանվում է և հաշվարկում է, թե ինչ օգուտներ կարող է ստանալ։
Ինչ վերաբերում է երկու երկրների փոխվարչապետների՝ վաղը կայանալիք հանդիպմանը, ապա ասել, որ դրա մեջ ինչ-որ արտառոց բան կա, ճիշտ չի լինի։ Սա ուղղակի հերթական հանդիպում է։ Կարծում եմ՝ հերթական անգամ պետք է քննարկեն սահմանազատման-սահմանագծման հետ կապված հարցեր, բայց այնպես չէ, որ այդ պաշտոնյաները պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը»,- նշեց մեր զրուցակիցը։
Արմեն Բադալյանը համոզմունք հայտնեց՝ Արևմուտքն անում է ամեն բան, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի, և դեկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ նիստին Հայաստանը ներկայանա արդեն իսկ փաստաթուղթը ստորագրած կարգավիճակում։
«Իհարկե, Արևմուտքի ծրագրերն առայժմ իրականություն չեն դառնում, բայց փաստ է, որ նա օրեցօր ամրապնդում է Հայաստանում իր դիրքերը։ Սա ևս ազդում է ընդհանուր զարգացումների վրա, որովհետև Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, որ այս հարցում դրսի ուժեր չպետք է ներգրավվեն։ Մինչդեռ Հայաստանը դրսի ուժերի է ներգրավվում»,- ասաց քաղտեխնոլոգը։