ՀՀ իշխանությունը սինխրոն աշխատում է Ադրբեջանի հետ, և նրանց համատեղ սցանարը հանգեցնելու է նոր՝ ավելի մեծ պատերազմի. արցախցի պատգամավոր

89

Արցախցիներն այլևս շրջափակման օրերը չեն հաշվում. թվում է՝ սա անվերջանալի մի մղձավանջ է, սակայն մարդկանց մոտ չի մարում գիտակցումը, որ սա պայքարի ձև է։ Մենք, ցավոք, պայքարելու այլ ձև չունենք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Պայքարում են և՛ ծերերը, և՛ երեխաները՝ բոլորը։ Երբ օր օրի իրավիճակն ավելի է բարդանում և թվում է՝ անելանելի դրության մեջ ենք, հասկանում ենք, որ չպետք է ընկրկենք։ Նույնիսկ կենցաղային դժվարությունները հետին պլան են մղվել, մարդիկ ուղղակի «յոլա» են գնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախում ուշի ուշով հետևում են միջազգային հանրության՝ Ադրբեջանի հասցեին քիչ թե շատ հասցեական կոչերին։

«Բայց դրանք մնում են կոչեր, հայտարարություններ և որոշումներ և կյանքի չեն կոչվում։ Ադրբեջանի նախագահն իր վերջին հարցազրույցում ասաց, որ դրանք որևէ բան չեն փոխելու։ Մյուս կողմից միջազգային կառույցների կոչերը գործողության չեն վերածվում, քանի որ տապալվում են ժողովրդավարության, կյանքի իրավունքի մասին թեզերը։

Միջազգային հանրությունը ևս տարօրինակ իրավիճակում է, քանի որ շահագրգիռ կողմից՝ Հայաստանի Հանրապետությունից, որևէ գործուն քայլ չի տեսնում։ Մինչդեռ Հայաստանն ունի դիվանագիտական բոլոր խողովակները, բոլոր հարթակները, սակայն դրանցից չեն օգտվում»,-ասաց արցախցի պատգամավորը։

Ամփոփելով՝ Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ ՀՀ իշխանություններն ընդամենն աշխատանքի իմիտացիա են ստեղծում՝ շեղելու հանրությանը։

«Մենք մեր դիվանագիտական խողովակներով կարողանում ենք ճշտումներ անել, և հավաստիացնում եմ՝ ՀՀ իշխանություններն Արցախի հարցով մատը մատին չեն տալիս։ Իրենք սինխրոն աշխատում են Ադրբեջանի հետ և ունեն համատեղ սցանար, որը, ցավոք, հանգեցնելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի իրադարձություններին. ևս մեկ պատերազմ, բայց այս անգամ ավելի մեծ՝ ՀՀ տարածքում։ Կարծում եմ՝ բոլորն են հասկանում՝ որ մարզի մասին է խոսքը»,- ասաց արցախցի պատգամավորը։