Հայկական կողմը պետք է զգուշանա, որովհետև ամեն ինչ էլ կարող է լինել. ՔՊ-ական պատգամավորը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

28

Իրանի սահմանին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները յուրօրինակ պատասխան են այդ երկրին, որն ավելի վաղ զորավարժություններ էր անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Ոչ վաղ անցյալում Իրանի կողմից իրականացված զորավարժությունների ժամանակ ադրբեջանցիներն ինչ-որ չափով լռեցին, սակայն հետո սկսեցին սադրանքներ հրահրել Հայաստանի և Իրանի հետ սահմաններին՝ հատկապես Իրանին ցույց տալու, որ Ադրբեջանը կարող է համարժեք պատասխան տալ»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ի՞նչ չափով են թուրք-ադրբեջանական զորավարժությունները ուղիղ սպառնալիք Հայաստանի և Արցախի համար՝ Գագիկ Մելքոնյանը նկատեց՝ դրանք շատ մոտ են նաև մեր սահմանին, ինչը նշանակում է, որ հայկական կողմը ևս պետք է զգուշանա։

«Որովհետև ամեն ինչ էլ կարող է լինել։ Չմոռանանք, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ Տավուշում՝ Նոյեմբերյանի հատվածում, գործողություններ կատարվեցին, նույն ժամանակ Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին ընթանում։ Այդ ժամանակ էլ մենք մտավախություններ ունեինք, և ես իմ հարցազրույցներում ասում էի, որ սա Ղարաբաղի վրա հարձակման նախանշան է։

Հիմա՝ այսօր էլ, երբ այս խառը ժամանակահատվածում իրենք զորավարժություններ են անում, մենք պետք է բոլոր դեպքերում շատ զգույշ լինենք, չնայած, կրկնում եմ, հիմնական սլաքն ուղղված է Իրանին։ Ադրբեջանն իրականում Իրանին է ուզում ատամ ցույց տալ»,- ասաց իշխանական պատգամավորը։

Գագիկ Մելքոնյանի համոզմամբ՝ հայկական կողմը չպետք է մոռանա, թե Ադրբեջանն իրենից ինչ է ուզում, այն է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

«Հիմա ավելի շատ վտանգված են Հայաստանի, քան Արցախի սահմանները, այսինքն՝ մենք պետք է թե Արցախում, թե Զանգեզուրում, թե Հայաստանի մնացած սահմաններին շատ զգույշ լինենք՝ պատրաստ լինելով ամեն ինչի։ Մենք ունենք թշնամի հարևան պետություն, որն ուզում է մեր տարածքները վերցնել, գրավել, դրա համար մենք չպետք է թուլանանք, պետք է զգոնությունը պահենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Իսկ ահա Ադրբեջանի կողմից այս փուլում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը Գագիկ Մելքոնյանը փոքր գնահատեց։

«Որովհետ արդեն Արևմուտքը խառնված է այս գործին և նույն Արևմուտքը ստիպում է, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքվի»,- ամփոփեց իշխանական պատգամավորը։