«3+3» ձևաչափը Ռուսաստանին կարող է շահեկան լինել այն պատճառով, որ այնտեղ Արևմուտքը ներկայացված չէ, իսկ ահա Ադրբեջանին այս ձևաչափը ձեռնտու է այնքանով, որ այս պահին ՌԴ-ից որևէ վտանգ չի զգում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով պաշտոնական Թեհրանի պատրաստակամությանը՝ «երեք գումարած երեք» ձևաչափով Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել։
«Ռուսաստանն այս պահին մտահոգ է, որ Հայաստանում քաղաքացիական հագուստներով եվրոպացի դիտորդներ են հայտնվել։ Իհարկե, Իրանն էլ կցանկանա, որ տարածաշրջանային խնդիրների լուծումներն Արևմուտքից պոկվեն։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա չի ցանկանա, որ Արևմուտքին դուրս մղեն տարածաշրջանային գործընթացներից։ Այդ նպատակով մեր պետությունը պետք է նոր քաղաքական ուղեգիծ որդեգրի, որը պետք է անվտանգ լինի աշխարհաքաղաքական շահերի հատման խաչմերուկում։ Հայաստանն իրենով յուրօրինակ խաչմերուկ է և պետք է դառնա ոչ թե բախումների, այլ երկխոսության խաչմերուկ։ Դրա հնարավորությունը կա, բայց պետք է նաև համապատասխան կոնցեպտ մշակել՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ նպատակներով»,- ասաց քաղաքագետը։
Ալեքսանդր Մանասյանի համոզմամբ՝ ՀՀ քաղաքական վերնախավը կտրված է փորձագիտական համայնքից, և թույլ տրված սխալների մի մասը հենց այդտեղից է գալիս։
«Կառավարությունը կարող է մեկ պտուտակի համար գաղտնի պայմանագիր կնքել մի գիտահետազոտական հիմնարկի հետ, բայց քաղաքակնության հարցերում երբեք մասնագետներին չի դիմում։ Մեր փորձագիտական հարթակների մեծ մասն ուրիշներին են ծառայում, ուրիշներն են դրամաշնորհների ձևով փող տալիս և նրանց փորձառությունից օգտվում։
Վերջերս Մոսկվայում էի. ինձ ասացին՝ձերոնք չգիտեն՝ ինչ են անում. գալիս են, մեզ հետ խոսում, հետո դա ասում են ուրիշներին, մենք էլ դա լավ լսում ենք»,- նշեց մեր զրուցակիցը։
Վերջում քաղաքագետը շեշտեց՝ Հայաստանը և Արցախը գլոբալ ռազմաքաղաքական հավասարակշռության գործոններ են, և տեղ-տեղ՝ Արցախն ավելի մեծ նշանակություն ունի, քան Ադրբեջանը և Թուրքիան։
Հիշեցնենք, որ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ Թեհրանում «երեք գումարած երեք» ձևաչափով Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու մասին։