Վերլուծաբան Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ շատ կարևոր է, որ կիրակի օրը կայանալիք հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոնկրետ թեզեր հնչեցնի և գործողությունների ճանապարհային քարտեզ ներկայացնի։
«Հանրահավաքը կկայանա, կասեն, կտեսնենք»,-Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի երևանյան այցին՝ Ստեփան Դանիելյանը քիչ հավանական համարեց, որ այն որևէ կերպ կարող էր առնչվել շարժման տրամադրությունները շոշափելուն։ Այցի իրական նպատակն, ըստ վերլուծաբանի, արտացոլված է արդեն իսկ պաշտոնական հաղորդագրության տեքստում։
«Պաշտոնական հայտարարությունները, որոնք երբեմն շատ կարճ են լինում, շատ բան են ասում։ Կոնկերտ Դեյվիդ Քոհենի այցի վերաբերյալ հաղորդագրության տեքստում ասված է, որ քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր: Սա, ինձ թվում է, բավականին շատ բան է ասում՝ հատկապես եթե Հայաստանի հետ քննարկվում են տարածաշրջանային հարցեր, դա, բնականաբար, նշանակում է, որ քննարկվել են հայ-ռուսական, հայ-ադրբեջանական և հայ-իրանական հարցեր»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ եթե Հայաստան է գալիս ԿՀՎ ղեկավարի տեղակալը, որը շատ հարցերում ավելի կոմպետենտ է, քան ԿՀՎ նախագահը, բնական է, որ նա ինչ-որ ուղերձներ է բերել և ինչ-որ բաների մասին տեղեկացրել։
«Հաշվի առնենք, որ դրանից առաջ Օմանում հանդիպում է տեղի ունեցել Իրանի փոխարտգործնախարարի և ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի միջև, և հատկապես հայտնի դեպքերից հետո այդ մարդը դարձել է Իրանի ԱԳ նախարար, դա նշանակում է, որ իրանաամերիկյան ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Կարելի է ենթադրել, որ այդ պայմանավորվածությունների մասին տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հավանաբար տեղեկացրել են ինչ-որ լուրջ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ, որտեղ Հայաստանը ևս ինչ-որ դերակատարություն ունի։
Դրանից հետո ՀՀ վարչապետն այցելեց Իրան՝ մասնակցելու զոհված պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը՝ միաժամանակ հանդիպելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Բնականաբար, նման թեմաների շուրջ ևս խոսել են, Փաշինյանը երևի կիսվել է, թե իրեն ինչ է փոխանցել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
Հնարավոր է, որ ամբողջ տարածաշրջանում լուրջ գործընթացներ են գնում»,- ամփոփեց Ստեփան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը ընդունել էր մայիսի 21-ին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:
Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չէին փոխանցվել: