Աշխարհի բոլոր պետությունները տարբեր նպատակներով զենք են գնում, սակայն, ի տարբերություն ՀՀ գործող իշխանությունների, այդ մասին չեն բարձրաձայնում։ Պատճառն այն է, որ զենքի առևտուրն աշխարհի ամենագաղտնի և կարևոր առևտուրներից մեկն է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Ֆրանսիայից և Հնդկաստանից Հայաստան ներկրվող ռազմամթերքի հանրայնացման թեմային։
«Պետությունները խուսափում են բարձրաձայնել հատկապես փոքր քանակության զինամթերք ձեռք բերելը։ Այլ բան են մեծ ծավալներով զինտեխնիկայի ձգնումները, որոնք հանրայնացվում և որոնց մասին հատուկ հայտարարվում է՝ մի քանի տասնյակ կամ հարյուր օրինակով ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ կամ տանկեր։ Դա նորմալ է, որովհետև կան միջազգային մի շարք կազմակերպություններ, որոնք վերահսկում են զենքերի առևտուրը։
Բացի այդ՝ գոյություն ունեն այդ ոլորտն ուսումնասիրող միջազգային փորձագիտական կառույցներ, ռազմական ինստիտուտներ, որոնք հետզոտում և հրապարակում են գնումների մասին տվյալները»,- նշեց մեր զրուցակիցը։
Արմեն Բադալյանի խոսքով՝ խիստ անլուրջ է հայտարարել, որ, օրինակ, Հնդկաստանը 150 հազար միավոր նռնակ կմատակարարի Հայաստանին։ Նման բան, ըստ մեր զրուցակցի, ուղղակի չի կարելի անել, բայց քանի որ ՀՀ գործող իշխանությունների գործողությունների հիմքում դրված են PR-ը և ցուցադրական կեցվածքը, զենքի ձեռքբերման մասին հանրայնացնելը ևս տեղավորվում է այդ շրջանակներում։
«Իրենք համար մեկ է՝ հեռուստատեսությամբ մարդկանց ասֆալտին փռե՞լը կցուցադրեն, թե այս կամ այն երկրից զենք գնելը։ Կարևորը՝ ցույց տան, որ գործ են անում. չէ՞ որ իրենց քաղաքական գործունեությունը PR-ի վրա է հիմնված»,- նշեց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությանը, որ Հայաստանը զենք ձեռք է բերում ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստման համար, Արմեն Բադալյանը նկատեց՝ նույնիսկ հարիր չէ միևնույն անձնավորության՝ իրար հակասող հայտարարությունները մեկնաբանել։
«Երբ քաղաքական միևնույն գործիչը հայտարարում է, որ ՀՀ քաղաքացին «տուգանելու մատերիալ»չէ, իսկ հետո տույժերն ու տուգանքներն էականորեն ավելանում են, երբ հայտարարվում է, որ Արցախը Հայաստան է և վերջ, բայց հետո այն Ադրբեջան է դառնում, կամ երբ խաղաղության խաչմերուկ են փնտրում, բայց փակուղու են հանդիպում, նման հայտարարությունները մեկնաբանելու անհրաժեշտությունը վերանում է»,- նշեց քաղտեխնոլոգը։
Վերջում Արմեն Բադալյանն ընդգծեց՝ աշխարհի ոչ մի պետություն չի հայտարարում, որ զենք է գնում հարձակվելու համար, հակառակը՝ հայտարարում է, որ գնումներ կատարում է պաշտպանական նպատակներով։
«Բայց բոլորրը գիտեն, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։