Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններում հաղթեց ռուսամետ Էրդողանը, ինչը նշանակում է, որ այդ երկիրը կշարունակի բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Իսկ Հայաստանի հանդեպ վերաբերմունքի տեսանկյունից շատ բան չի փոխվի. եթե անգամ ընտրություններում հաղթեր ընդդիմնադիր Քեմալ Քըլըչդարօղլուն, նույն նախապայմանային քաղաքականությունն էր իրականացվելու, այսինքն՝ հարաբերությունների կարգավորում՝ նախապայմանների կատարման դիմաց։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Նրա համոզմամբ՝ այժմ պետք է սպասել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։
«Ըստ իս՝ լուծումը խաղաղության պայմանագրի կնքումն է. կողմերն արդեն պայմանավորվել են գլխավոր հարցերի շուրջ՝ տարածքային ամբողջականության ճանաչում և այլն։ Թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքորոշումն այն է, որ խաղաղության համաձայնագիրը կնքվի, և Հայաստանի հետ հաստատվեն կայուն հարաբերություններ։ Ես, որպես թուրքագետ, հավատում եմ դրան »,- ասաց թուրքագետը։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց՝ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ինքնաբերաբար կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Բաց տնտեսությունը, առևտրային և դիվանագիտական հարաբերությունները միայն դրական կանդրադառնա Հայաստանի վրա։
Իսկ ի՞նչն է իրեն նման լավատեսության հիմք տալիս, հետաքրրքվեցինք։
«Լավատեսության հիմք տալիս է այն, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կնպաստի ՀՀ տնտեսության վերականգնմանը։
Այս համատեքստում իրատեսական եմ համարում նաև հայ-թուրքական սահմանի բացումը. կրկնում եմ, եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, սահմանը ևս ինքնաբերաբար կբացվի։ Դրանից հետո կստեղծվի անվտանգության միջավայր, իսկ այդ միջավայրում ներդրումներ կլինեն, տնտեսության տարբեր ոլորտները կզարգանան, և ամենակարևորը՝ գործազրկության տոկոսը կկրճատվի»,- ամփոփեց թուրքագետը։