Այս իշխանությունները ամենասկզբից զբաղվել են խաբեբայությամբ, և ով աչքեր ուներ՝ տեսել է դա, ով ականջներ ունի՝ լսել։ Այժմ ՀՀ իշխանությունների գործելաոճում զարմանալի ոչինչ չկա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից Կիրանցում ոստիկանական հատուկ գործողությանը, գյուղացիներին բերման ենթարկելուն, իսկ այնուհետև դեպի գյուղ մուտքն արգելելուն։
«Այս ռեժիմն իշխանության եկել է «հերոսի» կեղծ պապիկի նկարը պահելով, հաջորդ փուլում՝ դատարաններ շրջափակելով։ Իսկ սա աշխարհում աննախադեպ բան է՝ վարչապետի հրահանգով դատարանները շրջափակում են, դատավորներին՝ ծեծում, Սահմանադրական դատարանի կազմն անօրինական ձևով փոխում, փաստաբաններին՝ ծեծում։ Երբ դատարանները շրջափակում էին, ասում էին՝ ժողովուրդն ինչ որոշի, դա էլ կլինի, ժողովրդի կամքն ամենբարձրն է։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ այս իշխանությունը եկել է կեղծիքներով։
Ասացին՝ Արցախը չեն հանձնի, կլինի այն, ինչ Արցախի ժողովուրդը կորոշի և այլն, բայց սա ամբողջովին կեղծիքի և խաբեության վրա հիմնված իշխանություն է, և նրանք, ովքեր 2018 թվականին հասկացել են սա, իմացել են, որ ամեն ինչ հենց այսպես է դասավորվելու։
Օրինակ՝ ես հենց 2018 թվականին հասկացել եմ, որ այն, ինչ կատարվում է, վատ տեղ է տանում, որովհետև դրա հիմքում սուտը և կեղծիքն են»,- նշեց վերլուծաբանը։
Ստեփան Դանիելյանի համոզմամբ՝ ՀՀ գործող ռեժիմը ոչ այլ ինչ է, քան դասական ոստիկանապետություն, և միայն ուժի կիրառմամբ կարող է երկարաձգել իր գոյությունը։
«Բայց պատմության մեջ չի եղել դեպք, որ միայն ուժի վրա հենվելով՝ իշխանությունը երկարատև պահպանվի, որովհետև ցանկացած բռնապետություն ունենում է ինչ-որ գաղափարներ. գաղափարներ կային Խորհրդային միությունում, և մարդկանց մի զգալի հատված հավատում էր դրանց, Գերմանիայում կային գաղափարներ, Իտալիայում կային և այլն։
Այսինքն՝ սա գաղափար չունի. գաղափար չունի, և իր կյանքը կարճ է լինելու։ Եվ բնականաբար, իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի երկարաձգեն իշխանությունը, որովհետև իրենք պետք է դատվեն։ Իրենք դատվելու են իրենց եղանակով՝ փողոցներում՝ առանց դատարանի և հետո դատվելու են արդեն դատարաններում։
Իրենք դա լավ հասկանում են, և հետդարձի ճանապարհ չունեն. դիմելու են բոլոր քայլերին։ Սա ակնհայտ է»,- նշեց մեր զրուցակիցը։
Ստեփան Դանիելյանը միաժամանակ հիշեցրեց՝ երբ ՀՀ իշխանությունները հանձնում էին Արցախը, կիրանցիները Նիկոլ Փաշինյանին էին սատարում, ճանապարհներ չէին փակում։
«Հարցը Կիրանցում չի լուծվելու. կա՛մ հիմա Երևանում կլուծվի, կա՛մ ավելի ուշ կլուծվի։ Բայց մինչև քաղաքական առաջնորդություն չլինի, քաղաքական կոորդինացման կենտրոն չտեղծվի, ոչինչ էլ չի լինելու։
Եթե մարդիկ Արցախի ողբերգությունը կուլ են տվել, Ջերմուկից տարածքներ հանձնելը կուլ են տվել, հետո Նիկոլ Փաշինյան են ընտրել, որ «պատերազմ չլինի», նույն ձևով էլ Կիրանցը կտան, որ «պատերազմ չլինի», հետո Ջերմուկը կտան, որ «պատերազմ չլինի»։ Այսինքն՝ այս պրոցեսը գնալու է»,- ամփոփեց վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06։00-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում՝ անչափահասների:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս մասին ֆեյսբուքում գրառում կատարել՝ նշելով, որ «ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը, մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ, ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել»:
Ավելի ուշ Կիրանցի հատվածից բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել գյուղ մտնել։ Իրավապահներն արգելել են մինչև անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց։