Սյունիքի մարզն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների համար շատ կարևոր նշանակություն ունի, և այստեղ միայն կոմունիկացիաների, էներգակիրների համար տարանցիկ ճանապարհների խնդիրը չէ։ Այստեղ մեր հարևան Իրանի հարցն է, և ԵՄ-ի կողմից Սյունիքում 51 միլիոն եվրո ծրագրի իրականացումը նշանակում է վերահոսկողության տակ պահել Հայաստանի հարավային հարևանին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի կողմից մարզի զարգացման անվան տակ տրամադրվող գումարը բավական մեծ է, և բնական է, որ ծրագրի իրականացման կատարմանը ևս բավական մեծ թվով եվրոպացի դիտորդներ են հետևելու։
«Սա նշանակում է, որ 51 միլիոն եվրոյի ներդրման պատրվակով Հայաստան ժամանող մարդկանց մեծ մասը կարող են հատուկ ծառայությունների աշխատակիցներ լինել՝ լեգիտիմ կերպով գտնվելով Սյունիքում։ Ես այս տարբերակն, իհարկե, չեմ բացառում»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Մեր զրուցակիցը նկատեց՝ եթե արևմտյան կառույցներն իսկապես այդքան սրտացավ են Հայաստանի և մասնավորապես Սյունիքի մարզի նկատմամբ, պետք է ոչ թե Սյունիքի՝ առնվազն 3 ուժային կենտրոնի համար կռվախնձոր դառնալու ֆոնին նման նախաձեռնությամբ հանդես գային, այլ ավելի վաղ։ Այստեղ ռազմական փորձագետը միտում է տեսնում։
«Պատկերացնենք, որ Սյունիքում ԵՄ այս նախաձեռնության շրջանմակներում տասնյակ գրասենյակներ են բացվում, և այդ գրասենյակներում տասնյակ-հարյուրավոր աշխատակիցներ են աշխատում։ Նրանք առերևույթ ցույց են տալու, որ իբր ներդրումային աշխատանքներն են վերահսկում, բայց բուն գործառույթն այլ է լինելու։
Նորից եմ ասում՝ այստեղ թիրախն Իրանն է՝ վերահսկելու վերջինիս, հետախուզական աշխատանքներ կատարելու։ Մինչև անգամ չեմ բացառում դիվերսիոն-հետախուզական աշխատանքները, նաև Հայաստանի տարածքից Իրան կենսաբանական զենքով վարակված կենդանիներ տեղափոխելը։ Իսկ մենք Իրանի հետ 42 կիլոմետրանոց սահման ունենք, և եթե վարակված կենդանիներն անցնեն Իրան, տեսականորեն չեմ բացառում, որ դա նաև պատերազմի էլեմենտ է»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին հայտարարվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկի մասին։ Այն Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։
Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, մասնավորապես նպաստելով՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը և կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։