Միանգամից ասենք՝ իշխանական պատգամավորը մերժված է իր իսկ թիմի կողմից: Ապացույցն օրեր առաջ նրա՝ եկեղեցու մասին գրառմանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անտարբեր վերաբերմունքն է: Ոչ միայն օրենսդրի, այլեւ գործադրի որեւէ անդամ չի հավանել առողջապահության նախկին նախարարի՝ 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցու պատմական նշանակություն ունենալու հանգամանքը կասկածի տակ դնող սոցցանցային գրառում-հայտարարությունը:
Թորոսյանը մասնավորապես գրել էր. «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին: Բացի նրանից, որ նա պետք է ավելի քան 100-ամյա առասպելներ ու կարծրատիպեր կոտրի, որպեսզի կարողանա նավարկել փոթորկոտ այս ծովում, փաստացի նա նաեւ մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական եւ հիմնահատակ կոտրի, թեեւ մասամբ դա իրականացրել է պետականություն հիմնելով»:
Այն, որ յուրանքաչյուր ոք ազատ է հավատքի հարցում, արձանագրված է սահմանադրությամբ: Եվ, ըստ այդմ, իրեն աթեիստ համարող Արսեն Թորոսյանին ոչ ոք չի ստիպում եկեղեցի գնալ, աղոթք անել, առավել եւս՝ պատարագի մասնակցել: Բայց կասկածի տակ դնել եկեղեցու պատմականությունն ու առաջ տանել նրա դերը նսեմացնելու թշնամական թեզը, հարիր է միայն մեր զույգ հարեւաններին:
Չնայած, գուցե, դա էլ է օրինաչափ մի մարդու համար, որ առողջապահության նախարար ժամանակ իրեն իրավունք էր վերապահում հրապարակել մեկ այլ քաղաքացու՝ ԱՏՁՄ նախկին տնօրեն, լուսահոգի Կարեն Վարդանյանի հիվանդությունների մասին, եւ նրա երեսին շպրտել խոսքերը, թե «շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները՝ չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»:
Թորոսյանը նման՝ բանական մարդու գլխում չտեղավորվող գրառում արել էր նաեւ մեկ այլ պատվաստանյութի ՝ «Գարդասիլի» թեմայով, նշելով, որ երեխաներին պատվաստելուց հրաժարվող ծնողները փոքրիկների համար պետք է դագաղներ գնեն:
Պարոն երեսփոխանի մարդկային որակները քննարկելը, կարծում ենք, այլեւս իմաստ չունի. ի՞նչ ասես մի մարդու մասին, որի՝ մոտ 70 մանդատանոց ֆրակցիայից գեթ մեկը դրական չի արձագանքում «դարակազմիկ» իր մտքերին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ