Քանի որ ներկա եմ եղել ԱԺ դահլիճում, կարող եմ ասել, որ Արթուր Թովմասյանի՝ Արայիկ Հարությունյանին ուղղված հրաժարականի կոչի մեջ չհասկացվածություն կա. պոպուլիստական խոսքի ներքո փորձ էին անում խոր քաղաքական մանևրումներ կատարել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Այս ամենը շարունակությունն է մարտի 15-ին տեղի ունեցած քաղաքական ուժերի հավաքի, որի ընթացքում ԱԺ նախագահը խոստացավ, որ մանրամասները կներկայացնի նախագահին։
Շատ սահուն սցենարային գործընթաց է, կարծես թե։ Շատ արագ արձագանք տեղի ունեցավ ԱՀ նախագահի կողմից՝ ի տարբերություն տասնապատիկ ավելի մարդկանց պահանջի, որ եղել էր դրանից առաջ։ Այդ պահանջը շատ արագ արձագանք ունեցավ, որից հետո իրենց պայմանավորվածության համաձայն կոնսուլտացիա արվեց, ինչի արդյունքում էլ այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ մեզ համար շատ անսպասելի կերպով Արթուր Թովմասյանը հանդես եկավ հրաժարականի կոչով»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ինքը և ընդդիմադիր պատգամավորներից շատերը միանգամից հասկացել են, որ տեղի է ունենում հերթական պայմանավորվածությամբ ինչ-որ գործընթաց, որովհետև ԱԺ նախագահի կողմից հնչեցված՝ Ռուբեն Վարդանյանի անունը շատ անսպասելի է եղել։
«Կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ, թե ինչի համար է այս ամենն արվում։ Վերջին ժամանակներում տեսնում ենք, թե ինչ տարօրինակ բաներով՝ կոմիտեներ, խորհուրդներ ստեղծելով է զբաղված երկրի նախագահը։
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի կողմից այսօր հնչեցին Ռուբեն Վարդանյանի և Սամվել Բաբայանի անունները, բայց, ըստ երևույթին, քննարկվել են նաև այլ անուններ, որոնց մասին մենք չգիտենք։ Ռուբեն Վարդանյանի անունը մեզ համար այնքանով էր տարօրինակ, որ վերջին երկու ամիսներին բավական թվով հանրային դեմքեր մեծ աշխատանք են կատարել։ Մենք մշակել ենք այլընտրանքային մեխանիզմներ՝ տարբեր սցանարների դեպքում Արցախը պահելու ուղղությամբ։
Այս ճակատը գնալով ուժեղանում է, հասարակության տարբեր շերտերի մարդիկ են միանում դրան, և սա միգուցե շատերին անհանգստացրել է, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի իշխանություններին»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Արցախցի պատգամավորի կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի կոչի մեջ ինչ-որ ինտրիգ կա։
«Այս կոչը չէր կարող անկեղծ լինել, որովհետև տարբեր իրավիճակներ են եղել, երբ եղել են Արցախի հախագահի հրաժարականի բոլոր նախադրյալները։ Դեռևս 2020 թվականի նոյեմբերի կեսերից նա այդպիսի առիթներ ունեցել է՝ իշխանությունից անցնցում կերպով հրաժարվելու։ Հիմա ես չեմ հավատում, որ Արայիկ Հարությունյանը վայր կդնի իր լիազորությունները։ Ես ոչ թե կասկածում եմ պարոն Թովմասյանի անկեղծությանը, այլ պարզապես մտածում եմ, որ դա նույն քաղաքական թիմն է, և անհնար է, որ առանց միմյանց հետ խորհրդակցելու նման կոչ հնչեր։ Դա բացառվում է»,- ամփոփեց Մետաքսե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ հերթական նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կմոչ անելով հրաժարական ներկայացնել։
«Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն, դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»,- հայտարարել է Թովմասյանը։