Կարծում եմ՝ Արցախի ԱԺ նախագահի կոչն Արայիկ Հարությունյանին՝ վայր դնել լիազորությունները, համաձայնեցված է նույն Արայիկ Հարությունյանի հետ։ Վերջինս իր հերթին վաղուց մտածում է իր պաշտոնաթողության մասին՝ հատկապես որ ակնհայտ էր, թե ինչպիսի ավարտ պետք է ունենար 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
Նրա խոսքով՝ Արցախի նախագահը տևական ժամանակ է՝ մտածում է, թե ինչ հարմար և համոզիչ պատրվակով լքի պաշտոնը, որպեսզի առաջնային պատասխանատվություն չկրի գրեթե անխուսափելի ողբերգական վերջաբանի, այն է՝ Արցախի լիակատար հանձնման և հայաթափության համար։
«Իհարկե, Արայիկ Հարությունյանին ժամանակին ասվել է, որ պետք է հետաձգի պաշտոնից հրաժարվելը, որովհետև հասկանալի է, որ նրա հրաժարականից հետո Ռուսաստանը և Ադրբեջանը թույլ չէին տա Արցախում նոր ընտրություններ անցկացնել։ Նրանք կարող էին թույլ տալ համայնքների ղեկավարների, բայց ոչ՝ համապետական ընտրություններ։ Արցախում կարող էր առաջանալ իշխանության վակուում, դրա համար էլ Արայիկ Հարությունյանը որոշակիորեն փոփոխեց երկրի օրենսդրությունը։
Բացի այդ՝ քանի որ պաշտոնական Երևանը շարունակում էր շատ մեծ գումարներ հատկացնել Արցախին, նոյեմբերի 9-ին հետևած ժամանակաշրջանում Արայիկ Հարությունյանն զբաղվել է Երևանից Արցախ փոխանցվող գումարների անասելի, երևակայության բոլոր սահմանները գերազանցող թալանով։ Բայց արդեն ժամանակները մոտենում են ողբերգական ավարտին, հետևաբար նա փորձելու է խուսափել առաջնային մեղավորը լինելուց»,- ասաց արցախցի քաղաքագետը։
Ալեքսանդր Քանանյանի համոզմամբ՝ եթե Արայիկ Հարությունյանը Ռուսաստանի կողմից ինչ-ինչ պատճառներով հրահանգ չստանա մնալ զբաղեցրած պաշտոնում, մեծ սիրով իշխանությունը կփոխանցի պաշտպանության պետական կոմիտեին, որի մասին իր կոչում այսօր նշտել էր Արթուր Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ հերթական նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կոչ անելով հրաժարականի դիմում ներկայացնել։
«Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն, դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»,- հայտարարել է Թովմասյանը։