Azg.am-ի զրուցակիցն է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
-Պարո՛ն Աղազարյան, երեկ Ձեր գործընկերներից Գևորգ Պապոյանը նշել էր, որ ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշի պատճառը քաղաքացիների համոզվածությունն է, որ ՔՊ-ն է հաղթելու։ Փաստացի, սակայն, Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ չընտրվեց։ Որպես իշխանության ներկայացուցիչ՝ ի՞նչ հետևություններ եք արել։
-Դե, հետևություններ անելու համար դեռ շուտ է։
-Ամեն դեպքում, փաստ է, որ Տիգրան Ավինյանը չընտրվեց։
-Չէ՛, դա դեռ այդքան էլ հստակ չէ (ծիծաղում է՝ խմբ.)։
– Իշխանություն ձևավորելու համար կոալիցիա անհրաժեշտ կլինի. այդքանով է հստակ։
-Հասկանալի է, օրենքով նախատեսված կարգով, երբ ընտրությունների արդյունքում 50+1 տոկոս չի ձևակերպվել… հիմա Ձեր հարցն ինչո՞ւմն է։
-Ուզում եմ հարցնել՝ ՔՊ-ն և անձամբ Դուք ի՞նչ հետևություններ եք արել Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետ։ Մի փոքր շուտ չէ՞ր Ձեր թիմի կողմից նման վստահություն հայտնելու համար։
-Ախր չէ, գիտե՞ք ինչ կա, Դուք վիճակների մեջ եք դնում, հետո գնահատականներ տալիս, որ Տիգրան Ավինյանն ընտրված չէ, արդեն էս ա, արդեն էն ա։ Ո՞վ է էդ ձևի բան ասել։ Ընտրապայքար է, քաղաքական հսկայական կոնտենտով ընտրապայքար է, որի արդյունքում, այո՛, ես գտնում եմ, որ մեր թիմը պարտվել է։ Ես դա չեմ համարում ողբերգություն, իհարկե։ Ի՞նչ կա սարսափելի բան։
-Ես չասացի, որ սարսափելի է։ Սարսափելի է, թե ոչ, Դուք կիմանաք, Տիգրան Ավինյանը Ձեր գործընկերն է։
-Չէ՛, գիտեք՝ ինչ կա, ես հիմա արդյունքներից մի քիչ երևի ընկճված եմ բնականաբար, որովհետև հակառակը տարօրինակ կլիներ։ Բայց ես մի հատ միտք եմ արտահայտել ժամանակին։ Հիմա չգիտեմ՝ այդ միտքը նորից արտահայտելը ճի՞շտ կլինի, թե ոչ՝ հաշվի առնելով Երևանի հատուկ կարգավիճակը։
Բայց, այնուհանդերձ, ես կկրկնեմ այդ միտքը. բոլոր այն ընտրություններում, որտեղ չի հաղթում ՔՊ կուսակցության թիմը, այդտեղ հաղթում է ՔՊ կուսակցության գաղափարախոսությունը, արժեհամակարգն է հաղթում։