Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։
-Պարո՛ն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանն այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին հայտարարեց, որ «եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի, ոչ մեկը չի կարող դրա դեմն առնել»։
Ձեր կարծիքով՝ իրականությունը ո՞րն է. ժողովուրդն իսկապե՞ս իշխանափոխություն չի ուզում, թե իշխանությունը, բիրտ ուժ գործադրելով, պարզապես թույլ չտվեց, որ ժողովուրդն իշխանափոխություն իրականացնի։
-Կարծում եմ՝ Փաշինյանի ասածի մեջ կա և՛ ճշմարտություն, և՛ մանիպուլյացիա։ Իշխանափոխության կասեցման համար բիրտ ուժը միշտ չէ, որ կարող է արդյունավետ լինել, եթե չասեմ՝ հաճախ կարող է հակառակ էֆեկտ ունենալ։ Իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառումը հանգեցնում է մասսաների ագրեսիվացման և նոր սոցիալական ու շահային խմբերի ներգրավման։
Իսկ ի՞նչն էր իրականում է՛լ ավելի ազդեցիկ կամ ի՞նչն էր իրականում խանգարում մարդկանց։ Դա իշխանական քարոզչությունն էր, իշխանական քարոզչամեքենան, որն օրուգիշեր լծված էր շատ կոնկրետ աշխատանքի՝ տարբեր հնարքներով մանիպուլացնելու, վարկաբեկելու, նախկինների կերպարներն օգտագործելու։ Բոլորս հիշում ենք՝ ինչպիսի թեզեր էին շրջանառվում՝ շարժումը նրա համար է, որպեսզի իշխանության գան Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Եվ սա ամենօրյա ռեժիմով իշխանական ամենատարբեր խմբերի և անհատների կողմից Ազգային ժողովում՝ ԱԺ նախագահի շուրթերով բարձրաձայնվում էր։ Պատկերացնո՞ւմ եք տեղեկատվական արշավի մասշտաբայնությունը, երբ այս բոլոր մարդիկ, իրենց պետական կառավարման ֆունկցիաները թողած, այսպիսի մանր և սև քարոզչությամբ էին զբաղված։
Ինչո՞ւ եմ ասում մանր և սև. որովհետև երբ իշխանությունը կիրառում է 5-րդ շարասյան թեզը, սա պետության համար աղետ է, որովհետև եթե երկրի ներսում կա թշնամի ուժերի հետ համագործակցող 5-րդ շարասյուն, և իշխանությունը դրա մասին խոսում է, բայց դրա դեմ չկա գործողություն, նշանակում է՝ այդ իշխանությունն արդեն իսկ պարտված է իրեն ստեղծած 5-րդ շարասյանը։ Իսկ եթե այդպիսի բան չկա, նշանակում է, որ սա զրպարտչական իշխանական գործողություն է, որի արդյունքում հասարակությունը սկսում է շերտավորվել, իր մեջ բաժանվել, նոր բաժանարար գծեր առաջացնել։
Մյուս թեզը, թե սա ինքնիշխանության կորուստի և գուբերնիա դառնալու շարժում է, չի կարող հասարակության մոտ արձագանք չգտնել՝ հատկապես հասարակության այն խմբերի մոտ, որոնք, մեծ հաշվով, մասնագետներ չեն, քաղաքականությունից և այս թեզերից շատ բան չեն հասկանում։ Չի կարող արձագանք չգտնել այն մարդկանց մոտ, որոնք հավատում են Հանրային հեռուստաընկերության քարոզչությանը և կարծում են, որ պաշտոնական հեռուստաալիքով չի կարող կեղծիք սփռվել։ Եթե մենք այս ամենը համադրենք, այստեղ է բուն խնդիրը, ոչ թե ստի, կեղծիքի տարածումը, որը պետական խողովակներով է հոսում, և ոչ թե այնտեղ, որ ժողովուրդը ցանկանում է կամ չի ցանկանում։
Ես չգիտեմ բանական մարդու, որը հաշտ է այս իրավիճակի հետ, բայց նույն մարդիկ հաշտ չեն այն թեզերի հետ, որոնք շրջանառվում են, և միամտաբար կարծում են, որ դրանք արտացոլում են իրականությունը կամ գոնե մասնակի իրականությունը։ Եվ այստեղ է, որ մարդկանց տարաբաժանելով իրար մեջ՝ իշխանությունները կարողանում են հայտարարել, որ ժողովուրդն իշխանափոխություն չի ցանկանում։ Իրականում այն պահին, երբ ժողովուրդը հոգնի «ներկաներ-նախկիններ» թեզերից… արդեն հիմա այս թեզը սկսում է չաշխատել, և հաճախ նույնիսկ իշխանություններն են իրենց ուղղում, որ «նախկիններ-ներկաներ» թեզն օգտագործում են, որպեսզի շեշտեն ներկա կամ նախկին իշխանություններին, մեկ այլ երևույթ նկարագրելու համար։
Այսինքն՝ այն պահին, երբ ժողովուրդը զզվեց այս թեզերից, այդ պահին իշխանություններն իսկապես պետք է պատրաստ լինեն վատթարագույնին, որովհետև այս կեղծիքն ու մանիպուլյացիան տարածելով՝ նրանք նաև ատելություն են գեներացնում, որը մի օր իրենց իսկ դեմ է աշխատելու, իրենց է վերադառնալու։ Հետևաբար, եթե այս իշխանությունները անգամ շատ չնչին մտածում են այս պետության և ժողովրդի մասին, չպետք է թողնեն, որ գործը հասնի դրան։
–Պարո՛ն Պողոսյան, այս օրերին Բագրատ սրբազանը եռօրյա այցով Սյունիքում է և հանդիպումներ է ունենում մարզի բնակիչների հետ։ Այս փուլում որքա՞ն կարևոր եք համարում մարզային բնակչության հետ նրա շփումները։
-Քաղաքական դերակատարների համար չափազանց կարևոր է ժողովրդի հետ փոխադարձ շփումը. կապը ժողովրդի հետ պետք է անընդհատ լինի՝ անկախ նրանից՝ իշխանության, թե ընդդիմության մասին է խոսքը։ Այն պահին, երբ այդ կապը կտրվում է, երկու կողմերը հայտնվում են տարբեր իրականությունների մեջ։ Հետևաբար այս իմաստով չափազանց կարևոր է, որ ոչ միայն կապը պահպանվի, այլ նաև Երևանում հնչած բոլոր թեզերը հնչեցվեն նաև հանրապետության ամբողջ տարածքում, մարդիկ, վիզուալ կերպով իրենց առջև տեսնելով ընդդիմության առաջնորդին, շփվեն նրա հետ, հարցեր տան և անմիջապես Սրբազանից պատասխաններ ստանան։ Սա շատ ավելի դրական արդյունք կունենա, քան ստեղծված պատկերացումը, թե Երևանում նա կտրված է ժողովրդից։ Այս իմստով մարզային այցելությունները կարևոր են և կարող են արդյունք տալ։ Մենք տեսնում էինք, որ բողոքի գործողությունները հիմնականում սահմանափակվում էին միայն Երևանով, ինչը, բնականաբար, դրական չէ և չէր էլ կարող դրական արդյունքներ ապահովել։
-Պարո՛ն Պողոսյան, այսօր Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ առայժմ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե չի իրականացվի։ Հակառակ դրան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ Լատվիայում հայտարարեց, որ «մեր հասարակությունը ԵՄ մաս լինելու որոշում ունի։ Կարծում եմ` ինչ – որ մի օր մոտ ապագայում մենք կունենանք այդ հանրաքվեն, և վստահ եմ, որ մեր ժողովուրդը կասի այո՛»։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, այսքան առանցքային հարցի շուրջ իշխանության ներսում կոնսենսուս չկա։
-Բնականաբար մենք պետք է խոսենք կոմպետենտության մասին, նույնիսկ քննարկելու խնդիր չէ՝ կոմպետենտություն կա, թե չկա՝ անկախ նրանից՝ 6 տարի են իշխանության, թե որքան։
Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության խնդրին, վստահ եմ, որ սա արտաքին աշխարհին ինչ-որ բան հասկացնելու նպատակ է հետապնդում։ Ես համարում եմ, որ դա առաջիկա մեկ տասնամյակի ընթացքում հեռանկար չունեցող ճանապարհ է. սովորաբար հանրաքվե անում են այն ժամանակ, երբ նախ առաջարկ կա, երբ կա բոլոր կողմերի համաձայնությունը։ Միայն այսքանից հետո իմաստ կունենա հանրաքվե անցկացնել։
Իսկ եթե հանրաքվե ես անցկացնում, ամրագրում ես ժողովրդի կամքը՝ արտաքին քաղաքականությունը թեքելու այլ ուղղությամբ, և դա տեղի չի ունենում, ապա ի՞նչ է տեղի ունենում այդ հանրաքվեի հետ, մարդկանց կողմից տրված լիազորման հետ։ Ես չգիտեմ՝ նման նախադեպ կա՞ աշխարհում, թե ոչ։ Պետականության, արտաքին քաղաքականության հանդեպ ավելի ոչ կոմպետենտ մոտեցում չեմ կարողանում պատկերացնել։