Ադրբեջանը սահմանազատում կկատարի միայն այնտեղ, որտեղ դա իրեն շահեկան է։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի տեքստը։
Հիշեցմանը, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 5-ին առանց որևէ քննարկման հավանություն է տվել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգին, այնուհետ փաստաթուղթն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որն այն քննարկելու է սեպտեմբերի 24-ին, Օհանյանն արձագանքեց՝ կանոնակարգում առկա հակասությունները ՍԴ հավանության դեպքում կդառնան հիմք, որպեսզի Ադրբեջանը ճնշում գործադրի Հայաստանի վրա։
Այնտեղ, ըստ Օհանյանի, գոնե երկու կարևոր և ոչ իրատեսկան կետեր կան։ Առաջինը, պատգամավորի կարծիքով, վերաբերում է Ալմաթիի հռչակագրի մասին կետում փոփոխություններ մտցնելու հնարավորությանը, իսկ երկրորդը, որ կարելի է սահմանազատում և սահմանագծում իրականացնել առանձին տեղամասերում։
«Այսինքն՝ այնտեղ, որտեղ Ադրբեջանը ցանկանա իր շահերից ելնելով սահամանազատում իրականացնել, իրականացնելու է, իսկ այնտեղ, որտեղ չի ցանկանալու, այդ հատվածներում սահմանազատում չի իրականացնելու։
Սա է գլխավոր վտանգը, որ Սահմանադրական դատարանի հավանությանն արժանանալուց հետո Ադրբեջանն դա օգտագործելու է մեր իշխանությունների վրա հետագա ճնշումների համար»,- ամփոփեց Օհանյանը։