ՍԴ-ն կատարել է մի կարևոր եզրակացություն, որը դրական եմ համարում. դա այն է, որ Սահմանադրության նախաբանը, որպես անփոփոխելի հոդված, չի կարող որևէ մեկը փոխության ենթարկել, այդ թվում՝ ժողովուրդը, որն ընդունել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Բայց երբ փորձում է մանիպուլացնել այս անփոփոխ դրույթը և փորձել մեկնաբանել, որ այն, ինչը իրացված չէ Սահմանադրության մեջ, հետևաբար չի կարող դառնալ մեզ համար ուղղորդող գործողություն, սա արդեն մանիպուլյացիա է: Քողարկել այն գործընթացները, որոնք ապագայում հնարավոր է՝ ձևակերպվեն խաղաղության պայմանագիր անվան տակ կամ այլ փաստաթղթի տակ:
Ապագայում, երբ կծնվեն այդպիսի փաստաթղթեր կամ կլինեն զիջումներ, հիմնավորումներ փորձի ներկայացնել, որ տեսեք՝ՍԴ-ն այսպիսի բաներ է արել»,-նշեց պատգամավորը
Արծվիկ Մինասյանը միաժամանակ նկատեց՝ ՍԴ-ն չի անդրադարձել կարևոր հարցի՝ օրինակ՝ նշվում է, որ այս կանոնակարգով սահմանների օպտիմալացման հնարավորություն է տրվում, բայց օպտիմալացում նշանակում է տարածքի, սահմանագծի փոփոխություն, ինչը Սահմանադրության համաձայն հանրաքվե է պահանջում:
«Հետևաբար, ՍԴ-ն պետք է ասեր, որ յս կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման, որովհետև նման իրավասություն ԱԺ-ն չի կարող տալ: Կանոնակարգը անպայմանորեն պետք է անցնի հանրքավեի ճանապարհով: Սա հակասահմանադրական, հակաօրինական ու հակապետական քայլ է: ԱԺ-ն իրավունք չունի նման փաստաթուղթ վավերացնի:
Այն պարտավոր է հանրաքվեի գնալ, հակառակ դեպքում իշխանական ուզուրպացիայի ևս մի օրինակ է սա դառնալու: ՍԴ-ն քողարկել է այն զիջումները որոնք առաջիկայում հնարավոր է, որ ներկայացվեն Հայաստանին,- ամփոփեց Արծվիկ Մինասյանը: