Ադրբեջանն օգտագործում է և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական ողջ գործիքակազմը՝ իր նպատակին հետևողականորեն հասնելու համար։ Այս իմաստով հայկական և ադրբեջանական դիվանագիտությունների միջև ի սկզբանե առկա է բացարձակ տարբերություն, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
«Հայկական դիվանագիտությունը, առաջնորդվելով կեղծ իրապաշտության սկզբունքով, միշտ և բոլոր վարչակազմերի օրոք խոսել է շատ մեղմ-գերզիջողական դիրքերից։ Դրա համախառն արդյունքը մենք տեսանք 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ։
Ադրբեջանն, անգամ որոշակիորեն վտանգելով իր միջազգային ընկալելիությունը, անելու է ամեն հնարավոր բան՝ մինչև Ռուսաստանում Պուտինի վարչակարգի անկումն առնվազն Արցախի մնացորդը յուրացնելու և հայության մեծ մասին արտաքսելու, ստիպված մնացած մի քանի հարյուր արցախցիներին Ադրբեջանի քաղաքացիություն շնորհելու համար»,- ասաց քաղաքագետը։
Ալեքսանդր Քանանյանի խոսքով՝ այս ճանապարհին շատ դժվար է լինելու կանգնեցնել Ադրբեջանին, քանի որ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս գործող ռեժիմի, ոչ միայն ուժ, այլև նախևառաջ քաղաքական կամք չունի որևէ կերպ պաշտպանելու պատանդի կարգավիճակում հայտնված 120 հազար արցախահայությունը և ՀՀ քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմն առաջարկել է ապրիլի առաջին շաբաթում Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ` «վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար»։